top of page

Սնանկության գործընթացը Հայաստանում

Որո՞նք են սնանկ ճանաչելու գործընթաց սկսելու հիմքերը

Անձը կարող է սնանկ ճանաչվել՝ 

  • հարկադրաբար՝ պարտատիրոջ կողմից դատարան ներկայացված դիմումով,

  • կամավոր՝ պարտապանի, այսինքն սնանկ ճանաչվող անձի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու մասին դիմումով: 

 

Որո՞նք են սնանկ ճանաչելու բնութագրող հատկանիշները

Սնանկ կարող են ճանաչվել՝ 60-օրյա ժամկետը գերազանցող և մեկ միլիոն ՀՀ դրամից ավելի գումարի չափով անվիճելի վճարային պարտավորություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձիք՝ ներառյալ անհատ ձեռնարկատերերը: 

Անձին հարկադիր կարգով սնանկ ճանաչելու մասին դիմում դատարան կարող են ներկայացնել այն բոլոր պարտատերերը, ներառյալ պետությունը և համայնքները, ում նկատմամբ անձն ունի վերոհիշյալ նվազագույն չափանիշներին համապատասխանող պարտավորություն: Հիմնականում այդ պարտավորությունները բխում են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերից, գործարքներից, օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից:

Ընդ որում, կամավոր սնանկության դիմումով սնանկ ճանաչվելիս, դիմողը կրում է պարտավորություն ապացուցելու իր ակտիվների արժեքը մեկ միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով պակաս լինելու փաստն իր ակտիվներից:

 

Ինչպե՞ս է սկսվում և ավարտվում սնանկության գործընթացը

Սնանկության գործընթացը սկսվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելու օրվանից և ավարտվում՝ դատարանի կողմից սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացման պահից: 

Սնանկության գործընթացը կարող է ավարտվել նաև առանց անձին սնանկ ճանաչելու՝ 

  • մինչև անձին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումը դիմումը հետ վերցնելու արդյունքում գործի վարույթի կարճելու, 

  • հաշտության համաձայնության կնքելու, 

  • դիմումը վարույթ չընդունելու կամ սնանկ ճանաչումը մերժելու դեպքերում 

 

Որքա՞ն է սնանկության դիմում ներկայացնելու համար սահմանված պետական տուրքը

 

Սնանկության դիմում ներկայացնելու համար պետական տուրքը վճարվում է հետևյալ դրույքաչափերով՝

  • 100 000 ՀՀ դրամ՝ ֆիզիկական անձի դեմ ներկայացվող դիմումներով

  • 500 000 ՀՀ դրամ՝ իրավաբանական անձի դեմ ներկայացվող դիմումներով

  • կամավոր սնանկության դիմումներով պետական տուրք չի գանձվում

Ո՞ր պահից է անձը համարվում սնանկ

Անձը համարվում է սնանկ իրեն սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի կայացման պահից, քանի որ անձին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 

Վճիռը ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում, ինչը սակայն չի ազդում սնանկության վարույթով նախատեսված և իրականացվող գործընթացների վրա:

Ինչպե՞ս և երբ է սնանկության գործով կառավարիչ նշանակվում

Սնանկության գործով կառավարիչը նշանակվում է սնանկ ճանաչելու մասին դատարան դիմում ներկայացնող անձի առաջարկով կամ վիճակահանությամբ՝ կառավարիչի թեկնածություն առաջարկված չլինելու դեպքում: 

Սնանկության մասին դիմումը վարույթ ընդունելուց հետո մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումը կառավարչի լրազորությունները իրականացվում են ժամանակավոր կառավարչի կողմից, որը նշանակվում է կառավարչի նշանակման համար սահմանված կարգով:

Կառավարիչների ցանկը նշված է www.snank.am կայքում: 

Սնանկ ճանաչելու մասին վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը՝ 

  • սնանկության գործով ժամանակավոր կառավարչի փոխարեն նշանակվում է սնանկության գործով կառավարիչ,

  • նշանակվում է պարտատերերի առաջին ժողովի ժամանակը և վայրը, որը պետք է նշանակվի www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` հրապարակման օրվանից ոչ շուտ քան 50 և ոչ ուշ քան 80 օրում: 

 

Ինչպիսի՞ գործողություններ է իրականացնում սնանկության գործով կառավարիչը

Սնանկության գործով կառավարիչը պարտատերերի ժողովի և դատարանի որոշումների հիման վրա իր լիազորությունների սահմաններում իրականացնում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի և այլ ակտիվների հայտնաբերման, գույքագրման, գնահատման ու իրացմանն ուղղված գործողություններ՝ իրացումից ստացված դրամական միջոցները սնանկության գործով պարտատերերի գրանցված պահանջների բավարարման նպատակով: 

Պարտապանի գույքը

Սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառվում են ոչ միայն սնանկ ճանաչված պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը, այլ նաև վերջինիս պարտավորությունների ապահովման նպատակով գրավադրված շարժական և անշարժ գույքը, դրամական միջոցները, մյուս ակտիվները, որոնք միասին ներառված են սնանկության զանգվածի մեջ, ենթակա են գույքագրման և աճուրդային կամ ուղղակի վաճառքով իրացման՝ պարտատերերի պահանջների բավարարման նպատակով: Ընդ որում գույքի իրացում է համարվում նաև պարտատիրոջը գույքի հանձնումը՝ պարտավորության կամ դրա մի մասի դիմաց:

Պարտապան ֆիզիկական անձի գույքը

Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում, պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմում չեն ներառվում վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ դրան հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նաև այն գույքի, որը ստացվել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը՝ պարտապանի կնքած գործարքի արդյունքում:

Ովքե՞ր են պարտատերերը  

Սնանկության գործով պարտատեր են համարվում այն սուբյեկտները, որոնց նկատմամբ սնանկ ճանաչված պարտապանն ունի որոշակի գույքային պարտավորություն (արտահայտված դրամով):

 

Այդ անձինք սնանկության գործով պարտատեր գրանցվելու և բավարարում ստանալու համար պետք է սնանկ ճանաչվելու վերաբերյալ կառավարչի հայտարարության՝ www.azdarar.am կայքում հրապարակումից մեկամսյա ժամկետում, դատարան ներկայացնեն իրենց պահանջը և դրա չափի հիմնավորումները: 

Ընդ որում պահանջը գրանցվում է անկախ դրա ժամկետանց լինելուց, իսկ ավելացող  (օրինակ՝ տոկոսներ, տույժեր) պահանջների դեպքում գրանցվում է սնանկ ճանաչելու վճռի օրվա դրությամբ հաշվարկված գումարի չափով պահանջ, քանի որ վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից արգելվում է ցանկացած տոկոսներ և տույժերի հաշվեգրումը: 

Ի՞նչ հերթականությամբ են պարտատերերի պահանջները բավարարվում

Դատարան ներկայացված պահանջները բավարարվում են հետևյալ հաջորդականությամբ՝ 

1. ապահովված պահանջներ, եթե ունեն գրավ, երաշխավորություն կամ պարտավորության այլ ապահովման միջոց, 

2. չապահովված պահանջներ, որոնք չունեն պարտավորության որևէ ապահովման միջոց ու ներկայացվել են սահմանված 1-ամսյա ժամկետում:  Այդպիսի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հաջորդականությամբ՝

  • կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը,

  • ալիմենտ, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարներ,

  • ալխատավարձ, ռոյալթիներ և դրանցից բխող հարկեր,

  • դատական ծախսեր,

  • սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները,

  • սնանկ ճանաչվելուց հետո` <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված գործառնությունների (այդ թվում` գործունեության վերսկսման) հետևանքով առաջացած պահանջները,

  • չապահովված պարտատերերի այլ պահանջները (ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները),

3. ստորադաս չապահովված, որոնք 1-ամսյա ժամկետից ուշացումով սնանկության վարույթի ընթացքում ներկայացված չապահովված պահանջներն են: 

Ի՞նչ է արվում պահանջների հաստատումից հետո

Պահանջների վերջնական ցուցակը դատարանի որոշմամբ հաստատվելուց և ուժի մեջ մտնելուց հետո, սնանկության գործով կառավարիչը կազմակերպում է պարտապանի ակտիվների հայտնաբերման, գույքի, ներառյալ գրավադրված գույքի գույքագրման գործողություններ: Գույքի գնահատումը կատարվում է փորձագետի կողմից և վերջինիս տված գնահատման արժեքի չափով, գույքը վաճառվում է ուղղակի վաճառքով կամ, ինչպես ավելի հաճախ է արվում, ներկայացնում է աճուրդի՝ տալով աճուրդի օրվա և պայմանների մասին հայտարարություն www.azdarar.am կայքում: Աճուրդով վաճառքի դեպքում կառավարիչը, որպես աճուրդի կազմակերպիչ, անցկացնում է աճուրդ և հաղթողի հետ ստորագրում արձանագրություն ու պայմանագիր՝ աճուրդով գնված գույքի (լոտի) առուվաճառքի մասին: 

Լոտի գինը փոխանցվում է կառավարչի բացած սնանկության հատուկ հաշվին, որի վրա փոխանցվում են նաև պարտապանի գործարքներից փոխանցված և այլ աղբյուրներից կառավարչի հավաքագրած միջոցները: 

Սնանկության գործով կառավարչի կողմից կազմվում է հավաքագրված միջոցների միջանկյալ բաշխման ծրագիր կամ բաշխման ծրագիր, որում նշվում է, թե հավաքագրված միջոցներից որքան գումար, որ պարտատիրոջն է փոխանցվելու: Բաշխման ծրագրի վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում հավաքագրված միջոցներն ուղղվում են պարտատերերի պահանջների բավարարմանը:

 

Որո՞նք են սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները 

 

Պահանջները բավարարելու, կառավարչի վարձատրությունը ու բոլոր ծախսերը ամբողջապես մարվելու դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած և դատարանի կողմից կայացվում է վճիռ սնանկության գործի ավարտման և պարտապանի ֆինանսական առողջացման մասին: 

Պարտապանի սնանկության զանգվածում առկա ամբողջ գույքի իրացման արդյունքում ստացված և հավաքագրված միջոցներով պահանջների ամբողջական բավարարումը չապահովելու և այլ իրացման ենթակա գույքի հայտնաբերումն անհնարին լինելու դեպքում կայացվում է վճիռ սնանկության գործն ավարտելու և պարտապանի լուծարման մասին (իրավաբանական անձ պարտապանի դեպքում):

Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր գույքային պարտավորությունների կատարումից, բացառությամբ`

  • ալիմենտների վճարումից.

  • սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից. 

  • կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից. 

  • հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից։

  • սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորությունների. 

  • ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորության. 

  • սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով:

 

Ֆինանսական առողջացման ծրագիրը

Ֆինանսական առողջացման ծրագիրը՝ պարտատերի պահանջների բավարարման միջոցառումների, գույքի վաճառքի, այլ ակտիվների հավաքագրման և պահանջների մարման չափի ու ժամկետների մասին տեղեկություններ սահմանող փաստաթուղթ է, որով սահմանված է նաև կառավարչի վարձատրությունը, վարչական ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը:

Դատարանի վճռով սնանկ ճանաչվելուց հետո մինչև պարտատերերի առաջին ժողովը կարող է ներկայացվել ֆինանսական առողջացման ծրագիր, որը կարող են ներկայացնել՝

  • պարտապանը,

  • կառավարիչը,

  • ապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը,

  • չապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը,

  • պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 1/3-ին տիրապետող անձինք:

 

Ծրագիրը կարող է ներկայացվել մինչև 36 ամիս ժամկետով և 12 ամսով երկարացվել՝ չգերազանցելով ընդամենը 72 ամիսը: Ծրագիրն ընդունվում է պարտատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, հաստատվում է դատարանի որոշմամբ: Ֆինանսական առողջացման ծրագրի պատշաճ կատարման արդյունքում պարտապանը ճանաչվում է ֆինանսապես առողջացած: Սնանկության վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, եթե պարտապանի կողմից խախտվում է ֆինանսական առողջացման ծրագիրը:

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

Առցանց խորհրդատվություն

Դուք կարող եք ստանալ առցանց խորհրդատվություն համապատասխան ոլորտի մասնագետից:

bottom of page