top of page

ԱՊՈՍՏԻԼ

Ո՞րն է ապոստիլի նպատակը

 

Ապոստիլն ազատում է փաստաթղթերի իսկության հաստատման կատարումը՝ բարդ գործընթացի միջոցով: Այն վավերացնում է՝ փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

 

Ի՞նչ փաստաթղթեր կարող են վավերացվել ապոստիլով

 

Ապոստիլի ենթակա են միայն այն փաստաթղթերը որոնք

  • պաշտոնական բնույթի են.

  • դրա վրա դրված կնիքը, դրոշմակնիքը և ստորագրությունը ընթեռնելի են.

  • այն կազմվել է Հաագայի կոնվենցիային միացած երկրներում (ցանկը հասանելի հետևյալ հղմամբ): Հաագայի կոնվենցիայի անդամ չհանդիսացող երկրում փաստաթղթերի վավերացումը կատարվում է հյուպատոսական հաստատման եղանակով։

 

Ապոստիլ չի դրվում այն փաստաթղթերի վրա որոնք պետք է ուղարկվեն անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անդամ երկրներ, որոնք միացել են 1993թ. հունվարի 22-ին ընդունված <<Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին>> կոնվենցիային (նախկին խորհրդային միության երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան և այլն):

Ո՞ր պետական մարմիններն են իրավասու դնել ապոստիլ

 

Ապոստիլ դրվում է`

  • ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից (հասցե՝ Վազգեն Սարգսյան  3/8, Երևան, ՀՀ)

  • ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կողմից (հասցե՝ Վազգեն Սարգսյան  3, Երևան, ՀՀ)

 

Փաստաթղթի ապոստիլով վավերացման գործընթացի իրականացումը երկու մարմինների կողմից միանման՝ որոշակի աննշան տարբերություններով։ Հիմնական տարբերությունը՝ այն փաստաթղթերի շրջանակն է, որոնց վրա կարող է դրվել ապոստիլ։

Ի՞նչ փաստաթղթեր են ապոստիլով հաստատվում արդարադատության նախարարության կողմից 

 

Արդարադատության նախարարություն կողմից ապոստիլով վավերացվում են՝

  1. նոտարի կողմից կազմված, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերը, նոտարի կողմից հաստատված փաստաթղթերի թարգմանությունները,

  2. քաղաքացիական կացության (ծնունդ, մահ, ամուսնություն և այլն) գրանցումների հետ կապված փաստաթղթերը,

  3. դատական ակտերի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերը։

 

Նախարարության կողմից ապոստիլ կարող է դրվել նաև այլ մարմինների կողմից տրված փաստաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված ստորագրության իսկությունը վավերացված է նոտարական կարգով: Օրինակ՝ ապոստիլ կարող է դրվել մասնավոր կազմակերպության կանոնադրության վրա, եթե այդ փաստաթղթի թարգմանությունը հաստատված է նոտարական կարգով։

 

Ի՞նչ փաստաթղթեր են ապոստիլով հաստատվում արտաքին գործերի նախարարության կողմից

 

Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կողմից ապոստիլով վավերացվում են՝

  1. ՀՀ կրթության և գիտության նախարարության կամ Հայաստանի ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի բնօրինակները, դրանցից քաղվածքները և դրանց հիման վրա կազմված տեղեկանքները։

  2. արտաքին գործերի նախարարության կողմից տրված դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքները։

  3. ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից տրված այլ պաշտոնական փաստաթղթերը և ակտերը, որոնք ենթակա չեն ապոստիլով վավերացման արդարադատության նախարարության կողմից:

 

Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում ներկայացնել ապոստիլ դնելու համար

 

  1. դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում), ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթերի անվանումները.

  2. ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի իսկական օրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաստաթուղթը.

  3. ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենը կամ պատճենը.

  4. պետական տուրքի վճարման անդորրագիր (որը յուրաքանչյուր փաստաթղթի համար կազմում է 5000 դրամ):

Որքա՞ն է տևում գործընթացը

 

Ընդհանրապես, ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաթղթի վրա ապոստիլ դրվում է փաստաթղթերը ներկայացնելուց երկու աշխատանքային օրվա ընթացքում (արտաքին գործերի նախարարության կողմից այդ գործընթացը տևում է երեք աշխատանքային օր)։ Ապոստիլով վավերացված փաստաթղթերը տրամադրվում են դիմողին երկրորդ աշխատանքային օրը՝ ժամը 16:00-ից մինչև 17:00-ը։ Արդարադատության նախարարության կողմից ապոստիլ կարող է նաև դրվել մեկ աշխատանքաին օրվա ընթացքում՝ 8000 դրամլրացուցիչ վճարի դեպքում:

Առանձին հատուկ դեպքերում, ապոստիլ դնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 կամ 15 օրով: 

 

Ո՞վ կարող է ներկայացնել փաստաթղթերը ապոստիլ դնելու համար

 

Փաստաթղթերը կարող են ներկայացվել ոչ միայն տվյալ անձը, ում վերաբերյալ են տվյալ փաստաթղթերը, այլև յուրաքանչյուր այլ անձ։ Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ ստանալու դեպքերում, դիմումը պետք է ներկայացնի անձամբ տվյալ անձի կամ իր ծնողի, ամուսնու, քրոջ, եղբոր, երեխայի կամ այլ լիազորված ներկայացուցչի կողմից։ Ներկայացուցչին տրամադրվող լիազորագիրը ենթակա չէ նոտարական վավերացման։

 

Ինչպե՞ս կարելի է վճարել պետական տուրքը

 

Պետական տուրքը կարող է վճարվել ինչպես բանկային հաշվին վճարային տերմինալների միջոցով՝ տվյալ ընդունարանում փաստաթղթերը հանձնելու ժամանակ կամ հետևյալ կայք էջով www.e-payments.am։ Փաստաթղթերը սահմանված ժամկետից ավելի կարճ ժամկետում ստանալու համար, պետք է կատարվեն լրացուցիչ վճարումներ։

 

 

Ապոստիլի վավերականությունը կարելի է ստուգել հետևյալ կայք էջում`

https://www.e-apostille.am/am/

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

Առցանց խորհրդատվություն

Դուք կարող եք խորհրդատվություն ստանալ համապատասխան ոլորտի մասնագետից

bottom of page