ՀՀ քաղաքացիություն
Ո՞րոնք են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու եղանակները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու եղանակներն են՝
-
քաղաքացիության ճանաչում.
-
ծնունդ.
-
քաղաքացիության ստանալ.
-
քաղաքացիության վերականգնում.
-
քաղաքացիության խմբային ձեռքբերում.
-
ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքեր.
-
օրենքով նախատեսված այլ հիմքեր:
Ո՞վքեր կարող են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն՝ ճանաչելու եղանակով
-
Հայաստանում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում հրաժարվել են դրանից.
-
Հայաստանում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը կամ օտարերկրյա քաղաքացիություն չունեցող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մինչև 2019թ դեկտեմբերի 31-ը դիմել են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար.
-
Հայաստանից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն:
Քաղաքացիության ձեռք բերել՝ ծննդյան հիմքով - Jus Sanguinis (Արյան իրավունք)
Հայաստանում արյան իրավունքի ուժով քաղաքացիություն ձեռք բերելը հանդիսանում է հիմնական եղանակներից:
Երեխան, ում ծնողները ՀՀ քաղաքացիներ են նրա ծնվելու պահին, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Երեխան, ում ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է նրա ծնվելու պահին, իսկ մյուսն քաղաքացիություն չունեցող անձ է կամ անհայտ է, նույնպես ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Միաժամանակ, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին օտարերկրյա քաղաքացի է, երեխայի քաղաքացիությունը որոշվում է երկու ծնողի գրավոր համաձայնությամբ:
Նման համաձայնության բացակայության դեպքում, երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն եթե՝
-
նա ծնվել է Հայաստանի տարածքում կամ,
-
ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում կդառնա քաղաքացիություն չունեցող անձ կամ,
-
բնակվում է Հայաստանում և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը՝ ՀՀ քաղաքացիությունը ձեռք բերելու վերաբերյալ:
Ո՞ր դեպքերում է երեխան ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն Jus Soli (Հողի իրավունքի) սկզբունքի ուժով
Հողի իրավունքի ուժով երեխան ձեռք է բերում այն պետության քաղաքացիություն, որի տարածքում նա ծնվել է: Երեխան ով ծնվել է Հայատանի տարածքում ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն հետևյալ դեպքերում՝
-
ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են.
-
ծնողների քաղաքացիությունն անհայտ է.
-
ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է.
-
ծնողներն այլ երկրի քաղաքացիներ են, սակայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` տվյալ երկրի օրենսդրության համաձայն.
-
ծնողներից մեկի քաղաքացիություն անհայտ է, իսկ մյուսը չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային.
-
ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային.
Ազգությամբ հայ երեխան և իր ծնողները, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն, իրավունք ունեն ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն Հայաստանի տարածքում մշտապես բնակվելու պահից:
Ո՞վ կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար
18 տարին լրացած ՀՀ քաղաքացի չունեցող յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար անկախ իր բնակության վայրից, եթե բավարարում է հետևյալ չափանիշներին՝
-
օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարի մշտապես բնակվել է ՀՀ-ում
-
կարող է բացատրվել հայերեն լեզվով և
-
ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը:
Բնակվելու ժամկետի և հայերենով բացատրվելու պահանջի բավարարումը պարտադիր չէ ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք ունեցող այն անձանց,
-
ովքեր վերջին երկու տարվա ընթացքում գտնվել են գրանցված ամուսնության մեջ ՀՀ քաղաքացու հետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր բնակվել են Հայաստանում կամ ունեն երեխա, ով ՀՀ քաղաքացի է.
-
ում մեկ կամ երկու ծնողները նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել են ՀՀ-ում, և ով 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար.
-
ովքեր 1995թ հունվարի 1-ից հետո, իրենց դիմումի համաձայն դուրս են եկել ՀՀ քաղաքացիությունից.
-
ովքեր ճանաչվել են որպես փախստական կամ հանդիսանում են ՀՀ-ում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ:
Առանց վերոնշյալ պահանջների պահպանման, ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ
-
ազգությամբ հայերը.
-
անգործունակ անձը, ում խնամակալը ՀՀ քաղաքացի է.
-
Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձինք:
Ի՞նչպիսին է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգը
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դիմումն պետք է ստորագրի և ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետությունում՝ իր գտնվելու վայրին մոտ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնի տվյալ անձը, ով ցանկանում է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն (բացառությամբ անգործունակ անձանց, որոնց դեպքում այն իրականացվում է խնամակալի միջոցով):
Որպես կանոն, դիմումների քննարկումը տևում է 4-6 ամիս:
Գործընթացը սկսվում է ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն կամ դիվանագիտական ներկայացուցչություն (հյուպատոսական հիմնարկ) դիմում ներկայացնելուց (վերջին դեպքում՝ դիմումը կից փաստաթղթերով ուղարկվում է ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն): Այնուհետ, գործն ուղարկվում է ՀՀ Նախագահի աշխատակազմ: Մինչ քաղաքացիության վերաբերյալ դիմումի բավարարելը կամ մերժելը քաղաքացիության վերաբերյալ գործը քննարկվում է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովում, որի նախագահն, ի պաշտոնե ՀՀ արդարադատության նախարարն է: Յուրաքանչյուր գործ ուսումնասիրվում է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:
ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է ՀՀ Նախագահի հրամանագրով:
Քաղաքացիություն ձեռք բերելու դիմումը կարող է մերժվել, եթե տվյալ անձը վտանգ է ներկայացնում պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը կարող է մերժվել առանց հիմնավորման:
ՀՀ քաղաքացիություն ստացող անձն երդվում է և ստորագրում երդման տեքստը:
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել
Դիմորդը պարտավոր է ներկայացնել հետյալ հիմնարար փաստաթղթերը.
-
Դիմում.
-
Անձնագիրը և դրա պատճենը.
-
6 գունավոր լուսանկար 35x45 չափի.
-
Պետական տուրքի (1000 դրամ) վճարումը հաստատող փաստաթուղթը:
Դիմորդի կարգավիճակից և ՀՀ քաղաքացիության ձեռք բերելու իրավական հիմքերից ելնելով պահանջվում են՝ հետևյալ լրացուցիչ փաստաթղթերը.
-
ծննդյան վկայականը և դրա պատճեն.
-
ամուսնության վկայականը և դրա պատճեն.
-
ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք՝ ամուսնու քաղաքացիության մասին.
-
երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճեն.
-
երեխայի անձնագիրը և դրա պատճեն կամ երեխայի քաղաքացիությունը հաստատող այլ փաստաթուղթ։
Ո՞րոնք են ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը
Ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերն են՝
-
եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (այդպիսի կառույցների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 23.11.2007թ. թիվ 1390-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածով),
-
օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին հաստատող փաստաթուղթը,
-
ծնողի (պապի, տատի, քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Այս փաստաթուղթը պետք է ուղեկցվի տվյալ անձի հետ ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթղթով:
Արդյո՞ք երկքաղաքացիություն թույլատրվում է Հայաստանում
Երկքաղաքացիությունը թույլատրվում է Հայաստանում: Երկքաղաքացիությունը միաժամանակ մեկից ավելի պետությունների քաղաքացիություն ունենալն է: ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և պարտականություններն, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի: Այդպիսի բացառություն կարող է վերաբերել պարտադիր զինվորական ծառայությանը: Այն անձինք, ովքեր մինչև ՀՀ քաղաքացիության ձեռք բերումը ոչ պակաս քան 12 ամիս ծառայել են այլ պետության զինված ուժերում կամ ոչ պակաս քան 18 ամիս անցել են այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից:
Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ և 6-րդ մաս):
Ո՞րոնք են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հիմքերը
ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝
-
քաղաքացիությունը փոխելու.
-
ՀՀ քաղաքացիությունը ձեռք է բերվել՝ կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա և արարքը կատարելու պահից չի անցել 5 տարի.
-
ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված այլ հիմքերով:
Ո՞րոնք են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու հիմքերը և ընթացակարգը
ՀՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի կարող է փոխել քաղաքացիությունը` ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու և այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու եղանակով
ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`
-
նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
-
նրա նկատմամբ գոյություն ունի կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.
-
քաղաքացիությունից դուրս գալը հակասում է ազգային անվտանգության շահերին.
-
նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ.
-
նա չունի այլ պետության քաղաքացիություն և մինչև ՀՀ Նախագահի կողմից քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված գրավոր հավաստում՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին:
Տեղեկացում
Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։
Առցանց խորհրդատվություն
Դուք կարող եք ստանալ օնլայն խորհրդատվություն համապատասխան ոլորտի մասնագետից