Կազմակերպության գրանցում
Կազմակերպությունների ինչպիսի՞ տեսակներ կան Հայաստանում
Մինչ կազմակերպության գրանցումը անհրաժեշտ է որոշել դրա կազմակերպաիրավական ձևը: Հայաստանում ամենատարածված կազմակերպությունների տեսակներն են հանդիսանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները և բաժնետիրական ընկերությունները: Իրավաբանական անձ գրանցելու փոխարեն հնարավոր է հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր:
Որո՞նք են ընկերություն գրանցելու և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու հիմնական տարբերությունները
Նշված երկու տարբերակների միջև հիմնական տարբերությունները հետևյալն են՝
-
մասնակիցների պատասխանատվությունը: Անհատ ձեռնարկատերերը սեփական գույքով պատասխանատվություն են կրում որպես անհատ ձեռնարկատեր ստանձնած պարտավորությունների համար: Ի տարբերություն անհատ ձեռնարկատերերի, կազմակերպության պատասխանատվությունը սահմանափակվում է դրա ակտիվներով.
-
ընկերությունները պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում:
Ո՞ր պետական մարմիններն են իրականացնում կազմակերպությունների գրանցում
Ինչպես ընկերությունների գրանցումը, այնպես էլ անհատ ձեռնարկատերերի հաշվառումը իրականացնում է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (հասցե՝ Կոմիտասի պող., 49/3 շենք):
Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական, ներդրումային ընկերությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների գրանցումը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 6 շենք):
Ո՞վ կարող է դիմել գրանցման համար
Ընկերության գրանցման համար կարող են դիմել՝
-
հիմնադիրները.
-
տնօրենը.
-
լիազոր ներկայացուցիչները: Ներկայացուցչին տրված լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ գրանցման համար
Ընկերության գրանցման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`
-
դիմում.
-
հիմնադրի որոշում կամ հիմնադիրների ժողովի արձնագրություն (երբ ընկերությունը հիմնադրվում է մի քանի անձանց կողմից, ապա հիմնադրի որոշման փոխարեն ներկայացվում է հիմնադիրների ժողովի արձանագրություն).
-
կանոնադրություն (կանոնադրությունը պետք է նաև տեղեկություններ պարունակի կազմակերպության հասցեի վերաբերյալ).
-
տեղեկություններ՝ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (օրինակ՝ տնօրենի) վերաբերյալ, ներառյալ՝ վերջինիս անձնագրի կամ նույնականացման քարտի և սոցիալական քարտի տվյալները (առկայության դեպքում).
-
իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն:
Եթե հիմնադիրների մեջ առկա է իրավաբանական անձ, ապա անհրաժեշտ է նաև ներկայացնել այդ իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը:
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
Կազմակերպության գրանցման համար չի պահանջվում հետևյալը՝
-
կանոնադրական կապիտալի նազագույն չափ.
-
կազմակերպության սկզբնական գրանցման համար պետական տուրք.
-
կացության կարգավիճակի առկայություն.
-
հիմնադիրների գտնվելը Հայաստանում:
Որքա՞ն ժամանակ է գործընթացը տևում
Գրանցման գործընթացը տևում է երկու աշխատանքային օր: Եթե դիմողը փաստաթղթերը ներկայացնում է գործակալության կողմից սահմանված օրինակելի ձևերով, ապա գրանցումը կարող է իրականացվել անմիջապես տեղում (օրինակելի ձևերը հասանելի են հետևյալ հղումով): Խորհուրդ է տրվում մինչև կազմակերպության գրանցման համար դիմելը ստուգել և համոզվել, որ նույն անվանումով գրանցված այլ կազմակերպություն չկա (https://www.e-register.am/am/search): Եթե առկա է նույն ֆիրմային անվանումով գրանցված կազմակերպություն, ապա դիմողը պետք է ընտրի այլ անվանում:
Ի՞նչ է պետք անել կազմակերպության գրանցումից հետո
Կազմակերպության գրանցման հետ միաժամանակ տրամադրվում է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ): Այսինքն՝ դրա համար առանձին դիմելու անհրաժեշտությունը բացակայում է:
Եթե կազմակերպությունը ցանկանում է օգտվել հարկման հատուկ համակարգերից (շրջանառության հարկ, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ), ապա վերջինս մինչև գրանցմանը հաջորդող 20-րդ օրը պետք է հարկային մարմին ներկայացնի շրջանառության հարկ վճարող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Այս ժամկետը բաց թողնելու դեպքում կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող տվյալ հարկային տարվա ընթացքում: Նշված հայտարարությունը նաև ներկայացվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 20-ը, եթե կազմակերպությունը ցանակում է շարունակել օգտվել հարկման հատուկ համակարգերից (հարկային օրենսգրքի 59-րդ, 254-րդ, 267-րդ հոդվածների 1-ին մասերի 1-ին և 2-րդ կետեր):
Կազմակերպության գրանցումից հետո կարող եք դիտարկել հետևյալ պարագաները ձեռք բերելու նպատակահարմարությունը՝
-
Կնիք: Թեև կնիք ունենալը պարտադիր չէ, այն ունի լայն կիրառություն: Կնիքը կարող է մոտ 12 000 հազար դրամի վճարման դիմաց պատրաստվել մասնավոր կազմակերպությունների կողմից մոտ 20 րոպեյում:
-
Բանկային հաշիվ: Բանկային հաշվի բացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք հետևել այս հղումին:
-
Էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար կարող եք հետևել այս հղումին:
-
Ապրանքային նշան: Ապրանքային նշանի գրանցումը պարտադիր չէ դրա օգտագործման համար, սակայն գրանցումը իրավունք է տալիս դրա իրավատիրոջը արգելել այլ անձանց օգտագործել իր ապրանքային նշանը կամ դրան շփոթության աստիճանի նման նշաններ:
Տեղեկացում
Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։
Առցանց
խորհրդատվություն
Դուք կարող եք ստանալ օնլայն խորհրդատվություն համապատասխան ոլորտի մասնագետի կողմից: