top of page

Գումարի բռնագանձման դատավարություն

Որո՞նք են պարտքը վերադարձնելու դատական գործընթացի հիմնական փուլերը Հայաստանում

Գումարի բռնագանձման դատավարությունը ունի հետևյալ հիմնական փուլերը՝

  • հայցադիմումի ներկայացում (հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացվում է այն ներկայացնելուց հետո՝ 7 օրվա ընթացքում).

  • նախնական դատական նիստ (ողջամիտ ժամկետում).

  • դատաքննության փուլ (ողջամիտ ժամկետում).

  • վճռի հրապարակում (դատաքննության ավարտից հետո 15 օրվա ընթացքում).

  • վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում, որի ընթացքում առաջին ատյանի դատարանի վճիռը ենթակա է բողոքարկման վերաքննիչ դատարան.

  • վերաքննիչ դատարանում բողոքի քննություն (ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում).

  • վերաքննիչ դատարանի կողմից որոշման հրապարակում (բողոքի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում).

  • վերաքննիչ դատարանի որոշումը ուժ մեջ է մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, որի ընթացքում որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան.

  • վճռի հարկադիր կատարում՝ հարկադիր կատարման ծառայության կողմից:

 

Ո՞րն է հայցային վաղեմության ժամկետը

Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է: Նշված ժամկետը լրանալուց հետո հայցադիմում կարող է ներկայացվել, սակայն պատասխանողի կողմից հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու դեպքում հայցը կմերժվի՝ առանց դրա ըստ էության քննության: Պատասխանողը կարող է նման միջնորդություն ներկայացնել մինչև դատարանի կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է հայցային վաղեմության ժամկետի բացթողումը ճանաչել հարգելի:

Որքա՞ն է կազմում պետական տուրքը

Պետական տուրքը կազմում է՝

  • դրամական պահանջներով հայցադիմում ներկայացնելու համար՝ 2%.

  • ոչ դրամական պահանջներով հայցադիմում ներկայացնելու համար՝ 4000 ՀՀ դրամ.

  • դրամական պահանջի գործերով վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար՝ 3%.

  • ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար 10 000 ՀՀ դրամ.

  • քաղաքացիների դեմ ներկայացվող սնանկ ճանաչելու դիմումների համար` 100 000 ՀՀ դրամ.

  • իրավաբանական անձանց դեմ ներկայացվող սնանկ ճանաչելու դիմումների համար 500 000 ՀՀ դրամ.

 

Հայցի բավարարման դեպքում վճարված պետական տուրքի գումարը և մյուս դատական ծախսերը բռնագանձվում են պարտվող կողմից:

 

Ինչպե՞ս կարելի է ստուգել պատասխանողի վճարունակությունը

Մինչև հայցադիմում ներկայացնելը հնարավոր է ճշտել, թե ինչ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ կամ կազմակերպություններում բաժնեմասեր ունի պատասխանողը: Փաստաբանները իրավունք ունեն կադաստրի պետական կոմիտեից տեղեկություններ ձեռք բերել անձին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ: Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կամ անձի վարկային պատմությունը չեն կարող ձեռք բերվել առանց դատարանի որոշման:

Եթե պատասխանողը ամուսնացած է, հնարավոր է, որ անհրաժեշտ լինի տեղեկություններ ձեռք բերել ոչ միայն պատասխանողի, այլև վերջինիս ամուսնու (կնոջ) գույքի վերաբերյալ:

Պետք է նկատի ունենալ, որ անձի վերջին կացարանի վրա չի կարող բռնագանձում տարածվել, եթե դրա արժեքը չի գերազանցում 4 900 000 ՀՀ դրամը: Եթե պատասխանողին պատկանող վերջին կացարանի արժեքը գերազանցում է 4 900 000 ՀՀ դրամը, ապա այդ գույքի վաճառքից հետո բռնագանձում հնարավոր է տարածել միայն այդ գումարը գերազանցող մասի վրա՝ 4 900 000 ՀՀ դրամը վերադարձնելով պարտապանին:

Նշված կանոնը կիրառվում է միայն 28.02.2017թ. հետո հարուցված կատարողական վարույթների նկատմամբ: Այդ սահմանափակումը չի կիրառվում գրավ դրված գույքի բռնագանձման վրա, ինչպես նաև ալիմենտի վճարման կամ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գործերով:

Ի՞նչ կարելի է անել պարտապանի կողմից իր գույքի օտարումը կանխելու համար

Հայցվորի միջնորդությամբ դատարանը կարող է արգելանք դնել պատասխանողի գույքի վրա, որպեսզի կանխվի վերջինիս կողմից իր ակտիվների իրացումը: Արգելանք դնելու միջնորդությունը կարող է ներկայացվել ինչպես հայցադիմումի հետ միաժամանակ, այնպես էլ գործի քննության հետագա փուլերում: Երբ միջնորդությունը ներկայացվում է հայցադիմումի հետ միաժամանակ, որոշումը կայացվում է հայցադիմումը ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում: Երբ արգելանքի միջնորդությունը ներկայացվում է հետագա փուլերում, որոշումը կայացվում է ոչ ուշ, քան այն ներկայացնելու հաջորդ օրը: Եթե դատարանը բավարարում է արգելանք դնելու մասին միջնորդությունը, ապա դատարանի կողմից կատարողական թերթը անմիջապես ուղարկվում է հարկադիր կատարման ծառայություն:

Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ հարկադրված սնանկության գործընթաց սկսելու համար

Իրավաբանական անձը կարող է հարկադրված սնանկ ճանաչվել, եթե այն թույլ է տալիս 1 միլիոն դրամը գերազանցող պարտավորության կետանց և կետանցի տևողությունը կազմում է 60 օր կամ ավելի: Իրավաբանական անձի հարկադրված սնանկության դեպքում վերջինիս փաստացի վճարունակությունը իրավական նշանակություն չունի:

Ի՞նչ հետևանք ունի անձի սնանկությունը գումարի բռնագանձման գործընթացի վրա

Անձի սնանկ ճանաչվելու դեպքում պարտապանի գույքի իրացման արդյունքում ստացվող գումարը պարտատերերի միջև բաշխվում է պարտատերերի ցուցակում նրանց հերթին համապատասխան:

Անձի սնանկությունը կարող է նաև հնարավոր դարձնել վերադարձնելու այն գույքը, որը սնանկության նախորդող ժամանակահատվածում (կախված հանգամանքներից մինչև 3 կամ 5 տարի առաջ) պարտապանը պարտավորության կատարումից խուսափելու նպատակով նվեր է տվել այլ անձանց կամ օտարել է շուկայականից ցածր գնով:

Ո՞վ կարող է դատարանում հանդես գալ որպես ներկայացուցիչ

Դատարանում ներկայացուցչություն կարող են իրականացնել փաստաբանները, ներառյալ՝ հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

Կազմակերպությունների կառավարման մարմինները, աշխատակիցները, ինչպես նաև կանոնադրական կապիտալի 20 և ավելի տոկոսի սեփականատեր մասնակիցները նույպես կարող են հանդես գալ որես ներկայացուցիչ:

Դատարանում ներկայացուցիչ կարող են հանդես գալ նաև մերձավոր ազգականները, ովքեր իրենց մերձավոր ազգականի շահերը ներկայացնում են անվճար:

Անձը զրկված չէ նաև դատարանում ինքն իրեն ներկայացնելու հնարավորությունից:

Որքա՞ն ժամանակ է գործընթացը տևում

Ընդհանուր (սովորական) վարույթների գործերով գործի քննության համար կոնկրետ ժամկետ սահմանված չէ: Հիմնական կանոնը կայանում է նրանում, որ գործը պետք է քննվի ողջամիտ ժամկետում: Գործի քննության տևողությունը կոնկրետ գործով կախված է գործի բարդությունից, դատավորի ծանրաբեռնվածությունից, կողմերի գործողություններից և տարբեր չնախատեսված հանգամանքներից, որոնք կարող են ազդել գործի ընթացքի վրա: Մեկ դատական նիստից մյուսը ընկած տևողությունը սովորաբար կազմում է 1-3 ամիս:  

Դատարանը պետք է որոշում կայացնի առաջին դատական նիստը հրավիրելու վերաբերյալ հայցադիմումի պատասխանը ստանալուց կամ այն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում (քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդված): Առաջին դատական նիստը պետք է հրավիրվի այդ մասին որոշում կայացնելուց հետո 30 օրվա ընթացքում, սակայն դատարանների ծանրաբեռնվածության պատճառով այս ժամկետը հաճախ չի պահպանվում:

Ինչպե՞ս են դատական ակտերը (վճիռ, որոշում) կատարվում

Դատական ակտը կարող է հարկադիր կարգով կատարվել օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Պահանջատերը (հայցվորը) կարող է պահանջել դատական ակտի հարկադիր կատարում դրա օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառների առկայության դեպքում: Դատական ակտի հարկադիր կատարման համար պահանջատերը պետք է կատարողական թերթ տալու մասին դիմում ներկայացնի դատարան, որը դատարանը անմիջապես ուղարկում է հարկադիր կատարման ծառայություն:

Հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ հարուցվելուց հետո բավարարված պահանջի չափով արգելանք է դրվում պարտապանի գույքի վրա: Այդ գույքը գնահատվում է փորձագետի կողմից և վաճառվում է հրապարակային սակարկություններով: Հրապարակային սակարկություններում լոտի մեկնարկային գինը սահմանվում է փորձագետի կողմից գնահատված գնի 75 տոկոսի չափով: Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո լոտի մեկնարկային գինը նվազում է 10 տոկոսով՝ մինչև դրա վաճառքը:

Որպես ընդհանուր կանոն, հարկադիր կատարման վարույթը պետք է ավարտվի հարուցումից հետո 2 ամսվա ընթացքում: Այնուհանդերձ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այդ ժամկետը կարող է էապես տարբերվել:

Պարզեցված ընթացակարգեր

Հեռակա դատաքննություն

Առաջին ատյանի դատարանը հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, իրավունք ունի կիրառելու հեռակա դատաքննություն այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն:

Պարզեցված վարույթներ

Գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, եթե ներկայացված պահանջը չի գերազանցում 2 միլիոն ՀՀ դրամը: Նման դեպքում դատարանը պահանջը քննում է առանց դատական նիստ հրավիրելու:

Արագացված դատաքննություն.

Գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե`

  1. ներկայացվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումար բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

  2. պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը.

  3. ներկայացվել է ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

  4. ներկայացվել է հաշվարկված և չվճարված աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

  5. գործին մասնակցող անձինք գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին.

  6. գործին մասնակցող անձինք գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ.

  7. գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն անվիճելի են, և գործի լուծման համար դատարանի կողմից անհրաժեշտ է պարզել բացառապես իրավունքի հարցեր, կամ պատասխանողն ընդունել է հայցապահանջները:

Արագացված դատաքննություն կիրառելու դեպքում դատարանը անմիջապես նշանակում է վճռի հրապարակման օրը, որը լինում է ոչ ուշ քան 15‑օրում:

 

Վճարման կարգադրություններ

Վճարման կարգադրության արձակման վարույթը թույլատրելի է միայն որոշակի դրամական պահանջով, բացառությամբ այն դեպքի, երբ այն կապված է դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ: Պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա: Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը ստանալուց հետո դատարանը երկշաբաթյա ժամկետում արձակում է վճարման կարգադրություն կամ դիմումը մերժում է: Դիմումը բավարարելու դեպքում վճարման կարգադրությունը ուղարկվում է պատասխանողին ով երկշաբաթյա ժամկետում պետք է վճարի պահանջվող գումարը կամ ներկայացնի գրավոր առարկություն: Երկշաբաթյա ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և կարող է կատարվել հարկադիր կարգով:

 

Օտարերկրյա դատական ակտերի և օտարերկրյա արբիտրաժի վճիռների ճանաչումը և հարկադիր կատարումը

 

Հայաստանը հանդիսանում է «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի կոնվենցիայի անդամ, ինչը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում և կատարում է կոնվենցիայի անդամ պետությունների տարածքում կայացված արբիտրաժային վճիռները: Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու մասին դիմումը քննվում է 2 ամսվա ընթացքում:  Որպես կանոն, դիմումը քննելու համար դատական նիստ չի հրավիրվում:

 

Օտարերկրյա դատական ակտերը Հայաստանում կարող են ճանաչվել և կատարվել Հայաստանի կողմից կնքած միջազգային պայմանագերի կամ փոխադարձության սկզբունքի հիման վրա: Եթե օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը կախված են փոխադարձությունից, ապա փոխադարձությունը համարվում է գոյություն ունեցող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը: Դատական ակտերի ճանաչումը կատարվում է քաղաքացիական դատավարության ընդհանուր կանոնների համաձայն: Կատարում չենթադրող դատական ակտերի ճանաչման դիմումները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու:

 

Օգտակար հղումներ՝

Datalex.am

Arlis.am

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

Առցանց խորհրդատվություն

Դուք կարող եք ստանալ առցանց խորհրդատվություն՝ այս համապատասխան ոլորտի մասնագետի կողմից:

bottom of page