top of page

Ապրանքների արտահանում

Ի՞նչպիսին է արտահանման գործընթացը Հայաստանում

 

Արտահանողները պետք է կատարեն հետևյալ քայլերը.

 

Առաջին քայլ -  պատրաստել մաքսային հայտարարագրին ուղեկցող արտահանման փաստաթղթերի փաթեթը և համապատասխան վճարման անդորագրերը, որոնք հաստատում են մաքսային վճարների վճարման փաստը։

 

Երկրորդ քայլ - արտահանողը պատրաստում է արտադրանքը արտահանման համար (տեսակավորում, փաթեթավորում, պիտակավորում, կշռում և դրա հետ կապված այլ գործողություններ) իր տարածքում կամ մասնագիտացված մաքսային պահեստում, որտեղ նա նպատակահարմար է գտնում։ Երկու դեպքերում էլ գործընթացը նույնն է, սակայն մաքսավճարները կրկնակի բարձր են, երբ ապրանքները պատրաստվում են արտահանման արտահանողի տարածքում։

 

Երրորդ քայլ – մաքսային հայտարարագրի ներկայացում, որը մաքսային մարմինների կողմից ընդունվելու դեպքում հիմք է հանդիսանում մաքսազերծման համար։ Մաքսային հայտարարագիրը կարող է լրացվել փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ համակարգչային TWM համակարգի միջոցով։ Պարտադիր չէ մաքսային հայտարարագիրը լրացնել մաքսատանը։ Մաքսային հայտարարագիրը կարող է լրացնել և ներկայացնել արտահանողը կամ մաքսային բրոքերը՝ իրենց տարածքներից որևէ մեկում։

 

Չորորդ քայլ- արտահանողը կամ մաքսային բրոքերը մաքսային տեսուչի հետ այցելում է համապատասխան տարածքներ (պահեստ)՝ բեռը զննելու համար։ Եթե արտահանողի տարածքում բեռի և բեռնատարի կշիռը որոշելը գործնականում հնարավոր չէ, ապա արտահանողը պարտավոր է բեռնատարը տեղափոխել մասքային պահեստ և կշռել այն՝ կշիռը ստանալու համար (բեռնատարը կշռվում է դատարկ և բարձված վիճակում կշռի տարբերությունը տեսնելու համար, որն էլ հանդիսանում է բեռի կշիռը։ Նույն տրամաբանությունը կիառվում է փաթեթավորված և ոչ փաթեթավորված ապրանքների կշռման դեպքում)։

 

Հինգերորդ քայլ – եթե մաքսային տեսուչը չի արձանագրում բեռի հետ կապված որևէ անկանոնություններ, բեռնատարը կնքվում և տրամատդրվում է տեղեկանք՝ բեռը պատշաճ զննում անցած լինելու վերաբերյալ։ 

 

 

Որո՞նք են արտահանման փաստաթղթերը

 

Արտահանման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը

 

  • Հաշիվ ապրանքագիր – հաշիվ ապրանքագիրը պետք է պարունակի հիմնական տեղեկություններ արտահանողի և գնորդի մասին (անուն, ազգանուն, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, հարկային/առևտրային լիցենզիայի համար, եթե առկա է), առաքման ուղղությունը, ապրանքի համառոտ նկարագիրը, միավորի գինը, ընդհանուր արժեքը և արժույթը, ապրանքի քանակը (բրուտո և նետտո), արտահանողի ստորագրությունը (նաև կնիքը, եթե առկա է) և ամսաթիվը:

  • Տրանսպորտային փաստաթուղթ (ապրանքատրանսպորտային/օդային բեռնագիրը)։ Այս փաստաթղթում նշվում է բեռնփոխադրողի  և այն ստացողի անունը, ազգանունը և հասցեն (էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոս, եթե առկա են), փոխադրող ընկերության տվյալները, մեկնման և ժամանման վայրը, (թռիչքի ամսաթիվը և համարը), միավորների քանակը (RSP), մաքուր քաշը (ներառյալ ընդհանուրը), ապրանքի անունը և քանակությունը, վճարները և այլ ծախսերը, առաքողի կամ իր ներկայացուցչի ստորագրությունը, ամսաթիվը և վայրը, կատարողի (փոխադրողի) կամ իր ներկայացուցչի ստորագրությունը։

  • Ծագման երկրի հավաստագիր (անհրաժեշտության դեպքում) – այս փաստաթուղթն ունենալու անհրաժեշտությունը հիմնականում կապված է ապրանքի տեսակից և արտահանման ուղղությունից։ Ծագման հավաստագիր տրամադրում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը՝ հաստատելով, որ ապրանքներն արտադրվում (կամ ծագում) են ՀՀ-ում: 

  • Կշռման կտրոն -  այն տրամադրվում է բեռնատարը կշռելուց հետո, եթե ապրանքը տեղափոխվում է բեռնատարով։

 

Ապրանքների տեսակով պայմանավորված կարող են պահանջվել հետևյալ լրացուցիչ փաստաթղթերը՝

 

  • Բուսասանիտարական հավաստագիր (թույլտվություն) – պահանջվում է մրգերի, բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորման ենթակա առարկաների արտահանման դեպքում։ Այս հավաստագիրը տրամադրում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որը հավաստում է, որ ապրանքը պաշտոնական ընթացակարգերի համաձայն ստուգվել կամ զննվել է և համարվում է նպատակակետ երկրի կողմից նշված ցանկացած տեսակի կարանտինային վնասակար օրգանիզմներից զերծ և համապատասխանում են այդ երկրի բուսասանիտարական պահանջներին.

  • Անասնաբուժական հավաստագիր - պահանջվում է թռչուների, ձկների, կենդանիների, սողունների կամ այլ կարգավորման ենթակա կենդանի օրգանիզմների արտահանման դեպքում։ Այս հավաստագիրը տրամադրում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որը հավաստում է, որ կենդանիները վարակված չեն հիվանդությամբ կամ վտանգավոր տարածքներից չեն, և մինչև փոխադրումը կենդանիները ենթարկվել են անասնաբուժական զննման, որի արդյունքում չի բացահայտվել որևէ հիվանդություն կամ դրա կասկած։ Այն նաև հաստատում է, որ կենդանիների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցը մաքուր է և ախտահանված։

  • Սննդի անվտանգության հավաստագիր - պահանջվում է կենդանական ծագման (ինչպես օրինակ` հավի, խոզի, տավարի մսամթերքի) մթերքի և այլ կարգավորման ենթակա սննդամթերքի արտահանման դեպքում, որը տրամադրվում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից։

  • Երկակի նշանակության ապրանքների արտահանման թույլտվություն - երկակի նշանակության ապրանք է յուրաքանչյուր տեսակի գույք, որը օգտագործվում է քաղաքացիական նպատակների համար և իրենց հատկություններով կարող է օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար։ Հսկվող երկակի նշանակության միավորների անվանացանկը հաստատված է ՀՀ կառավարության 15.12.2011թ թիվ 1785-Ն որոշմամբ։

 

Երկակի նշանակության ապրանքների անվանացանկը Եվրոպական Միությունում հաստատված է ԵՄ Խորհրդի 5.05.2009թ թիվ 428/2009 կանոնակարգով։

 

Թույլտվությունը տրվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և պարունակում է տեղեկություններ՝ արտահանողի, ապրանքի անվանման, ծածկագրի, վերջնական օգտագործողի անվանման, երկրի, հասցեի մասին։

Գոյություն ունեն երեք տեսակի թույլտվություններ՝ մեկանգամյա, անհատական և ընդհանուր։ Մեկանգամյա թույլտվությունը տրամադրվում է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձին, ում իրավունք է տրվում իրականացնել հսկվող ապրանքի մեկանգամյա արտահանում մեկ վերջնական օգտագործողի։ Անհատական կամ ընդհանուր թույլտվությունները տրամադրվում են իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը, ովքեր իրավունք են ստանում իրականացնել հսկվող ապրանքի արտահանում համապատասխանաբար՝ մեկ կամ մի քանի վերջնական օգտագործողների և այդ թույլտվություններն ուժի մեջ են մինչև հինգ տարի։

 

 

Որքան են կազմում արտահանման վճարները

 

Հարկեր/մաքսատուրքեր

 

Արտահանման համար ԱԱՀ և մաքսատուրքի դրույքաչափերը զրո են։ Այդ նշանակում է, որ արտահանողները ազատված են ցանկացած տեսակի ապրանքներն արտահանելիս որևէ հարկ կամ մաքսատուրք վճարելու պարտականությունից։

 

Պետական տուրք (մաքսավճար)

 

Արտահանողներից գանձվում է պետական տուրք հետևյալ մաքսային ծառայությունների մատուցման դիմաց՝ հետևյալ դրույքաչափերով՝

  • 3,500 դրամ՝ Հայաստանի սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) իրականացման համար,

  • 1,000 դրամ՝ մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար և 300 դրամ՝  լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար,

  • 500,000 դրամ՝  մեկ ամսվա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ՝ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության համար,

  • 1,000 դրամ՝ մաքսային մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթի (ձևաթղթի) համար։ Նշված փաստաթղթերի ցանկը, որոնց տրամադրման համար գանձվում է պետական տուրք, սահմանվում է պետական եկամուտների կոմիտեի հրամանով,

  • 10,000 դրամ՝ Հայաստանի տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման՝ յուրաքանչյուր 100 կիլոմետրի համար։ Ուղեկցում կարող է պահանջվել տարանցիկ փոխադրումների և որոշ տեսակի ապրանքների համար,

  • 1,000 դրամ՝ օրական մինչև մեկ տոննա ապրանքի պահպանության համար և 300 դրամ՝  լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար։ Պահման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների դեպքում՝ վճարները գանձվում են սահմանված դրույքաչափի կրկնապատիկի չափով,

  • 2,000 դրամ՝ մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների մաքսային հսկողության համար և 5,000 դրամ՝ այլ տրանսպորտային միջոցների դեպքում։

 

Որոշ դեպքերում անձը կարող է ազատվել պետական տուրք վճարելու պարտականությունից (օրինակ՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կամ 200 եվրո արժեք չգերազանցող ապրանքի արտահանման դեպքերում և այլն)։

 

Սահմանված տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված այլ գործողությունների կատարման համար պետական տուրք գանձվում է սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

 

Տեղեկությունների աղբյուրը հետևյալ հղումով:

 

Մաքսային միջնորդի (բրոքերի) վճարները

 

Մաքսային բրոքերները պետության կողմից լիցենզա ստացած անձինք են, որոնք աջակցում են ֆիզիկական և իրավաբանական անձանց մաքսազերծման գործընթացում։ Ներմուծողները և արտահանողները կարող են դիմել մաքսային միջնորդներին և ստանալ համապատասխան ծառայություններ փոխադարձ համաձայնեցված պայմաններով և արժեքով։   

 

Բուսասանիտարական հավաստագիր ստանալու գործընթացը և վճարները

 

Բուսասանիտարական հավաստագիր տրամադրվում է անվճար։ Բուսական արտադրանքի արտահանման համար բուսասանիտարական հավաստագիր տրամադրվում է դիմումը ստանալուց 3 օրվա ընթացքում, որը ուժի մեջ է 14 օր (տրման օրվանից մինչև ապրանքը երկրի սահմաններից դուրս բերելը): Մինչև բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը, բուսասանիտարական տեսչության ծառայողն իրականացնում է խնդրո առարկա ապրանքի ֆիզիկական (արտաքին) զննում և համոզվում, որ դրանք համապատասխանում են արտահանման երկրի բուսասանիտարական պահանջներին։

Եթե կա հիմնավորված կասկած, որ բուսական արտադրանքը պարունակում է վնասակար օրգանիզմներ,  կատարվում է լաբորատոր փորձաքննություն, որը տևում է մինչև 1 օր (24 ժամ) և որի արժեքը տատանվում է  8,000-ից մինչև 30,000 դրամ։

 

Բուսական արտադրանքի և բուսասանիտարական հսկողության ենթակա այլ առարկայի արտահանման համար բուսասանիտարական հավաստագիր ստանալու նպատակով, արտահանողը պետք է դիմի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ ներկայացնելով տեղեկություններ՝

  • արտահանողի (այսինքն՝ Հայաստանից ապրանքը արտահանողը կազմակերպության կամ անհատի) մասին,

  • արտահանման երկրի և նշանակման վայրի մասին,

  • նշանակման վայրում ներմուծողի մասին,

  • արտահանվող բուսական արտադրանքի նկարագրությունը և ծավալը,

  • սահմանը հատելու կետը, որտեղից ապրանքները մուտք են գործելու արտահանման երկիր:

 

Բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է երեք օրինակից և յուրաքանչյուր ապրանքի տեսակի համար առանձին։ Առաջին օրինակը պահվում է մատակարարի մոտ, իսկ մնացած երկու օրինակները համապատասխանաբար մնում են մաքսային մարմնում և սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում։

 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասցե՝

49/2 Կոմիտասի պող։, Երան 0051, Հայաստան

Հեռ։ +374-10-206040 , +374-12-906090

website: www.snund.am

 

Անասնաբուժական հավաստագիր ստանալու գործընթացը և վճարները

 

Անասնաբուժական հսկողության ենթակա առարկանները կարող են արտահանվել միայն հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում՝

  • Անասնաբուժական հավաստագիր (կամ առողջապահական կամ սանիտարական վկայագիր և սննդամթերքի արտահանման դեպքում սննդի անվտանգության հավաստագիր), կամ

  • HACCP կամ ISO 17025 հավաստագիր: HACCP հավաստագիրը հաստատում է, որ ապրանքի արտադրողը օգտագործում է HACCP համակարգ (վտանգի վերլուծության և քննադատական վերահսկման կետերի համակարգ) և/կամ ISO 17025 վկայագիր, որով հավաստագրող մարմինը (լաբորատորիա) հաստատում է, որ ապրանքները համապատասխանում են ISO ստանդարտներին:

 

Անասնաբուժական հսկողության ենթակա առարկաններն արտահանելու համար, արտահանողը պետք է դիմի անասնաբուժական հսկողության մարմին կամ համապատասխան լաբորատորիա՝ փորձաքննություն իրականացնելու համար։

Անասնաբուժական հավաստագիր տրվում է լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա։ Լաբորատոր փորձաքննությունը կարող է տևել առավելագույնը մինչև 3 օր, և որի արժեքը տատանվում է  8,000-ից մինչև 30,000 դրամ:

 

Անասնաբուժական հսկողության ենթակա առարկաններն ԵՄ անդամ պետություններ կարող են ներմուծվել ԵՄ կարգավորումներում սահմանված ներմուծման պահանջներին համապատասխան։

 

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառաությունների կենտրոն» ՊՈԱԿ հասցե՝

Էրեբունու փողոց, 12–րդ շենք . Երևան, ՀՀ
Հեռ։ 374-10-450960, 430413, 430421

 www.snund.am

 

Ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու գործընթացը և վճարները

 

Ապրանքի ծագման հավաստագիր տրվում է փորձաքննության հիման վրա: Այն կարող է տրվել առանց փորձաքննության, երբ

  • Ապրանքներն ամբողջությամբ արտադրված են Հայաստանում (ներառյալ գյուղատնտեսական արտադրանքների),

  • Արտադրանքներն արտադրության խմբաքանակից են և դրանց համար օգտագործված հումքատեսակները և (կամ) արտադրական գործընթացները չեն փոխվել։

 

Ապրանքներն առաջին անգամ արտահանելիս ենթարկվում են ամբողջական փորձաքննության/ստուգման, իսկ հետագա արտահանումների համար ծագման հավաստագիր կարող է տրամադրվել  պարզեցված ընթացակարգով (առանց փորձաքննության/ստուգման)։

 

Ծագման հավաստագիրը տրամադրվում է 3 օրվա ընթացքում, եթե արտադրանքը պետք է ենթարկվի ստուգման և 1 օրվա ընթացքում, եթե դրա ստուգում չի պահանջվում։

 

Առևտրաարդյունաբերական պալատի (այսուհետ՝ Պալատ) կողմից տրամադրվում է երեք տեսակի ծագման հավաստագիր՝ նշանակետ երկրով պայմանավորված՝

  • «ՍՏ-1» ձևի հավաստագիր՝ ռուսերենով ԱՊՀ պետություններ արտահանվող ապրանքների համար;

  • «Ա» ձևի հավաստագիր՝ անգլերենով ԵՄ անդամ պետություններ և նույն պահանջներ ունեցող այլ երկրներ արտահանվող ապրանքների համար;

  • ընդհանուր ձևի հավաստագիր` անգլերենով այլ երկրներ արտահանվող ապրանքների համար։

 

Ծագման հավաստագիրը ուժի մեջ է 12 ամիս` սկսած այն տալու օրվանից։  

Ծագման հավաստագիրը տրամադրվում է 4 օրինակից, որից 3 օրինակը տրվում է դիմողին, իսկ մեկ օրինակը պահվում է Պալատում՝ 3 տարի ժամկետով:

 

Ծագման հավաստագիր ստանալու ընթացակարգը և պահանջվող փաստաթղթերի ցանկը սահմաված է ՀՀ կատավարության 30.12.2010թ ընդունված «Ապրանքների ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1772-Ն որոշմամբ:

 

Ծագման հավաստագրի տրամադրման վճարներն են՝

 

  • փորձաքննություն պահանջող ապրանքների արտահանվող առաջին խմբաքանակի համար` 30000 դրամ.

  • փորձաքննություն չպահանջող Հայաստանում ստացված, արտադրված կամ աճող ապրանքների համար` 10000 դրամ.

  • փորձաքննություն չպահանջող, նախկինում արդեն հավաստագրում անցած ապրանքների համար` 10000 դրամ.

  • փորձաքննություն չպահանջող` տեղական արտադրանքի մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքների համար` 2000 դրամ։

 

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հասցե՝

Խանջյան 11 Երևան, 0010, ՀՀ

Հեռ։ +37410 560184, 560196:

 

Երկակի նշանակության ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը և վճարները

 

Երկակի նշանակության ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու համար, արտահանողը կամ իր ներկայացուցիչը պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում, որտեղ նշվում են դիմողի տվյալները (անուն, ազգանուն, կարգավիճակը, հասցե, գրանցման համար և այլն),

  • վերջնական օգտագործողի հավաստագիր,

  • արտահանվող երկակի նշանակության ապրանքների տեխնիկական նկարագիր,

  • երկակի նշանակության ապրանքի փոխանցումը հավաստող պայմանագրի պատճե,

  • արտահանվող ապրանքի՝ երկակի նշանակության ապրանքների ցանկին պատկանելու մասին արտահանող կազմակերպության հայտարարագիր կամ մասնագիտական փորձաքննության եզրակացություն։

 

Ի տարբերություն նախկին կարգավորումների, ներկայումս, արտահանողը (արտադրող) պարտավոր չէ դիմել համապատասխան լիցենզավորված մարմնին որոշելու արդյո՞ք արտահանվող ապրանքը պատկանում է երկակի նշանակության ապրանքների ցանկին, թե ոչ։ Դա նշանակում է, որ արտահանողը (արտադրողը) տեղեկացված լինելով խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ, որպես այլընտրանք կարող է դիմել էկոնոմիկայի նախարարություն՝ ստանալու երկակի նշանակության ապրանքների արտահանման թույլտվություն՝ չունենալով, այսպես կոչված, երրորդ կողմ հանդիսացող «փորձագետի կարծիք»։ Երկակի նշանակության ապրանքների մասնագիտական փորձաքննության առավելագույն ժամկետը 10 օր է, և դրա արժեքը տատանվում է  30,000-ից մինչև 60,000 դրամ:

 

Երկակի նշանակության ապրանքի թույլտվություն տալու կամ այն մերժելու առավելագույն ժամկետը՝ էկոնոմիկայի նախարարություն դիմելուց հետո 20 օր է։

Երկակի նշանակության ապրանքի արտահանման թույլտվություն տալու վճարներն են

  • մեկանգամյա թույլտվությունը անվճար է,

  • անհատական թույլտվության արժեքը 20,000 դրամ,

  • ընդհանուր թույլտվության արժեքը 30,000 դրամ։

 

Երկակի նշանակության ապրանքների փորձաքննություն իրականացնող մասնագիտացված կենտորնի (NPC) հասցե՝

Պուշկինի 25, Երևան, 0010, ՀՀ

Հեռ։ : +37410 532772

www.npc.am

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ. Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանված են ՀՀ կառավարության 2003թ նոյմեբերի 21-ին ընդունված թիվ 1779-ն որոշմամբ։

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

Առցանց խորհրդատվություն

Դուք կարող եք ստանալ օնլայն խորհրդատվություն համապատասխան ոլորտի մասնագետի կողմից:

bottom of page