top of page

Հյուրանոցային ծառայությունների կարգավորումներ

Ո՞րոնք են հյուրանոցային ծառայությունները

 

Հյուրանոցային ծառայություններ են՝ գիշերակացի, սննդի, ինչպես նաև կեցության հետ կապված այլ ծառայությունները: Նվազագույն հյուրանոցային ծառայությունները պետք է ներառեն առնվազն անկողնու հարդարման, ինչպես նաև կացարանի և սանհանգույցի մաքրման ամենօրյա ծառայությունները:

Ո՞րոնք են հյուրանոցային տնտեսության հիմնական տեսակները Հայաստանում

 

Հիմնական տեսակներն են հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները:

Հյուրանոցները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, ուր ծառայություններ են մատուցվում մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն 10 սենյակ, և որոնցից առնվազն 5-ը մեկ կամ երկտեղանոց համարներով սենյակներ են:

 

Մոթելները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որոնք գտնվում են ճանապարհների հարևանությամբ, ուր ծառայություններ են մատուցվում մեկ կամ մի քանի շինություններում որոնք ունեն առնվազն 10 սենյակ, և որոնցից առնվազն 5-ը` մեկ կամ երկտեղանոց համարներով սենյակներ են: Մոթելները ապահովում են ավտոմեքենաների համար կայանատեղիներ:

 

Հյուրանոցատիպ հանգրվանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ հյուրանոցային ծառայություններ են մատուցվում, և ունեն առնվազն 5 սենյակ:

 

Առողջարանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ հյուրանոցային ծառայություններից բացի, մատուցվում է նաև հատուկ կարգի ծառայություններ, ներառյալ առողջարանային, բուժական և վերականգնողական:

Հանգստյան և մասնագիտացված ճամբարները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ հյուրանոցային ծառայություններ են մատուցվում շինությունում կամ դրան հարակից տարածքներում՝ որոշակի մասնագիտական գործունեություն (հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, սկաուտական, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման, ալպինիստական և այլն) իրականացնող անձանց։

 

Պանսիոնները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, ի լրումն նվազագույն հյուրանոցային ծառայությունների, օրական առնվազն 3 անգամ մատուցվում են սննդի ծառայություններ:

 

Զբոսաշրջային բնակատեղիները (համալիրները)՝ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որոնք ունեն գիշերելու համար առնվազն 20 ննջատեղ և որտեղ զբոսաշրջիկներին մատուցվում են կացության հետ կապված ծառայություններ:

Մանկապատանեկան և երիտասարդական բնակատեղիները (համալիրները)՝ այն զբոսաշրջային բնակատեղիներն են, որոնք նախատեսված են դպրոցահասակ զբոսաշրջիկների համար:

 

Ճամբարային բնակատեղիները՝ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են վրաններով գիշերակացի, սննդի պատրաստման և տրանսպորտի կայանման ծառայություններ:

 

Զբոսաշրջային տները՝ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մեկ շենքի կամ բնակարանի տարածքում տրամադրվում է գիշերակացի ծառայություն, ինչպես նաև մատուցվում են սննդի ծառայություններ:

 

Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պետք է հստակ նշի հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը՝ սպառողների համար տեսանելի հատվածում, ինչպես նաև իրենց ինտերնետային կայքում և գովազդային նյութերում։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտը՝ իր տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայացնելն կամ գովազդելն արգելվում է:

Որո՞նք են հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար սահմանված հիմնական պահանջները

 

Հյուրանոցային ծառայություններ մատուցողները պարտավոր են տեղադրել հետևյալ տեղեկությունները սպառողների համար տեսանելի հատվածում՝

  • հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման և որակավորման կարգի (եթե առկա է) մասին տեղեկատվություն (որը նաև պետք է տեսանելի լինի դրսի հատվածից).

  • մատուցվող ծառայությունների ցանկը և դրանց գնացուցակը (գիշերակացի և, եթե առկա է, սննդի մասին).

  • հաշմանդամներին ծառայություններ մատուցելու հնարավորության մասին տեղեկատվություն (որը նաև պետք է տեսանելի լինի դրսի հատվածից)։

Հյուրանոցային ծառայություններ մատուցողները կիրառության մեջ պետք է դնեն անվտանգության ապահովման կանոնակարգեր և այդ մասին տեղեկացնել իրենց հաճախորդներին:

Արդյո՞ք լիցենզիա պահանջվում է հյուրանոցային ծառայությունների համար

 

Ներկայումս, հյուրանոցները կարող են գործել առանց հատուկ լիցենզիայի կամ թույլտվության։ Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը բավարար է բիզնես գործունեության համար։ Հոսթելները կարող են նույնիսկ գործել առանց պետական գրանցման (և օգտվել հարկային արտոնություններից), եթե նրանց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը: 

«Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագիծը սահմանում է հյուրանոցների համար լիցենզավորման պահանջ, բայց դեռ պարզ չէ, թե այդ օրենքը, երբ կընդունվի։ Այս պահին, հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար գոյություն ունի միայն կամավոր որակավորման  համակարգ:

 

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ինչպիսի՞ որակավորման կարգեր գոյություն ունեն Հայաստանում

 

Հյուրանոցների որակավորումն (դասակարգումն) իրականացվում է կամավոր սկզբունքով։

 

Հայաստանը օգտագործում է հյուրանոցների, մոթելների և հյուրանոցատիպ հանգրվանների համար՝ աստղերով որակավորման համակարգը և հյուրանոցային ծառայության մնացած այլ տեսակների համար՝ հռոմեական թվանշաններով երրորդից առաջին կարգի որակավորման կարգերը։ Հինգ աստղանի հյուրանոցները կարող են որակավորվել «Դելյուքս» որակավորման կարգերով, եթե նրանք բավարարում են այդ որակավորման աստիճանի համար սահմանված լրացուցիչ պահանջներին։

 

Եթե տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտն ունի համապատասխան որակավորման կարգ, ապա այն պետք է հստակ տեսանելի լինի դրսից սպառողների համար, ինչպես նաև իր ինտերնետային կայքում և գովազդային նյութերում։

 

​Ինչպե՞ս է հյուրանոցի որակավորման կարգը շնորհվում Հայաստանում

 

Որակավորման կարգ ստանալու հանար, հյուրանոցը պարտավոր է բավարարել ՀՀ կառավարության թիվ 946-Ն որոշմամբ սահմանված պահանջներին։ Որոշակի շեղեումներ կարող են թույլատրվել պատմամշակութային կամ ճարտարապետական հուշարձաններին։

Հյուրանոցները որակավորման կարգ են ստանում Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից: Որակավորման կարգեր ստանալու համար հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք դիմում են առցանց կամ ներկայացնում են դիմում զբոսաշրջության կոմիտե։ Առցանց դիմումները պետք է լինեն համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով (PDF) և ստորագրված էլեկտրոնային ստորագրությամբ։

 

Ի՞նչ փաստաթղթեր են պահաջվում

 

Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • շահագործման վկայական, (տրված ոչ շուտ, քան 10 տարի առաջ), տեխնիկական անձնագիր կամ օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են շենքի շահագործման ենթակա լինելու մասին;

  • հրդեհային անվտանգության ապահովվածության մասին եզրակացություն (տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 30 օր առաջ);

  • սանիտարահամաճարակային անվտանգության ապահովվածության մասին եզրակացություն (տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 30 օր առաջ);

  • հյուրանոցային հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման վկայականի պատճեն:

 

Եթե հայտը ներկայացվում է առցանց եղանակով, վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX)։ Բնօրինակները կարող են պահանջվել հետագա փուլում։  

Ի՞նչ է տեղի ունենում դիմելուց հետո

 

Հայտն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում զբոսաշրջության պետակա կոմիտեն ուսումնասիրում է փաստաթղթերը և կայացնում նախնական որոշում՝ որակավորման գործընթացը շարունակելու կամ հայտը մերժելու մասին: Եթե հայտում պարունակում են ոչ էական թերություններ, կոմիտեն այդ մասին տեղեկացնում է հայտատուին և տրամադրում 5 օր՝ թերությունները վերացնելու համար:

Եթե  Զբոսաշրջության պետական կոմիտեն որոշում է շարունակել հայտի քննարկումն, ապա ստեղծվում է գնահատող հանձնաժողով 11 անդամից բաղկացած, որը գնահատում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանությունը որակավորման պայմաններին։ Գնահատման հանձնաժողովը սահմանում է գնահատման ժամկետները և գնահատումն սկսվելուց առնվազն 5 օր առաջ այդ մասին տեղեկացնում է հայտատուին։

Գնահատման արդյունքում հանձնաժողովը կայացնում եզրակացություն, որը տրամադրում է Զբոսաշրջության պետական կոմիտեին։ Գնահատման հանձնաժողովի եզրակացության հիման վրա կոմիտեն կայացնում է վերջնական որոշում և համապատասխանաբար տեղեկացնում հայտատուին։

Դրական եզրակացության դեպքում, տրվում է որակավորման կարգը շնորհելու մասին վկայագիր՝ 5 տարի ժամկետով։

Որքա՞ն են կազմում տարեկան պետական տուրքի դրույքաչափը՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար

 

Տարեկան պետական տուրքի դրույքաչափերը՝ կախված են օբյեկտի տեսակից և որակավորման կարգերից, մասնավորապես՝

  • մինչև երեք աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար՝ 150 000 դրամ.

  • չորս աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար՝ 200 000 դրամ.

  • հինգ աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար՝  250 000 դրամ.

  • հինգ աստղ «Դելյուքս» հյուրանոցի յուրաքանչյուր աստղի համար՝ 1 500 000 դրամ.

  • հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի  յուրաքանչյուր աստղի համար՝ 1 000 000 դրամ.

հանգստյան և մասնագիտացված ճամբարի, պանսիոնի, զբոսաշրջային, երիտասարդական և մանկապատանեկան բնակատեղիները (համալիրները), ճամբարային բնակատեղի դեպքում՝

 

  • 150 000 դրամ՝ I կարգի համար

  • 100 000 դրամ՝ II կարգի համար

  • 50 000 դրամ՝ III կարգի համար

Զբոսաշրջային տների (Հոսթելների) դեպքում ՝

  • 15 000 դրամ՝ I կարգի համար

  • 10 000 դրամ՝ II կարգի համար

  • 5 000 դրամ՝ III կարգի համար

Պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվում է գնահատման հանձնաժողովին հայտը բավարարելու վերաբերյալ որոշման ընդունումից  3 օրվա ընթացքում։

 

Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

Առցանց խորհրդատվություն

Ամբողջական տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք խորհրդատվություն ստանալ համապատասխան ոլորտի մասնագետից: 

bottom of page