top of page

Ժառանգություն

Որ երկրի օրենքնով է կարգավորվում ժառանգությունը

Եթե մահացողի վերջին բնակության վայրը գտնվել է Հայաստանում, ապա ժառանգությունը կարգավորվում է Հայաստանի օրենսդրությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ կտակարարը իր կտակում ընտրել է այլ երկրի օրենքը, որի քաղաքացին է հանդիսանում:

Անձի կողմից կտակ կազմելու, այն վերացնելու իրավունքը, ինչպես նաև կտակի և այն վերացնելու մասին ակտի ձևը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ կտակարարը կտակ անելու կամ այն վերացնելու մասին ակտը կազմելու պահին ունեցել է բնակության վայր:

Բոլոր դեպքերում, անշարժ գույքի ժառանգությունը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը:

Ինչն է ընդգրկվում ժառանգության զանգվածի մեջ

Ժառանգության զանգվածի մեջ մտնում է ժառանգատուի մահվան պահին վերջինիս պատկանող գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտավորությունները:

Ժառանգության զանգվածի մեջ չի մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտավորությունները, այդ թվում՝

  • ալիմենտային իրավունքները և պարտավորությունները,

  • կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքը,

  • անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական արժեքները,

  • այն իրավունքները և պարտավորությունները, որոնց փոխանցումը ժառանգության կարգով չի թույլատրվում քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքներով:

Պարտավորությունները

Ժառանգները պատասխանատու են ժառանգատուի պարտավորությունների համար՝ ժառանգություն ստացած գույքի արժեքի սահմաններում:

Ինչպես են ժառանգները որոշվում

Ժառանգ հանդիսացող անձանց շրջանակը որոշվում է կտակի կամ օրենքի հիման վրա:

Ով կարող է ժառանգ հանդիսանալ

Ստորև նշված անձինք կարող են ժառանգել ինչպես կտակի, այնպես էլ օրենքի հիման վրա՝

  • ժառանգության բացման օրը կենդանի ֆիզիկական անձինք (այդ թվում՝ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները կամ բազմաքաղաքացիները),

  • ժառանգատուի կենդանության օրոք սաղմնավորված և ժառանգատուի մահից հետո կենդանի ծնված երեխաները:

 

Իրավաբանական անձինք, համայնքները, Հայաստանի Հանրապետությունը, օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները:

 

Արդյո՞ք ժառանգատուն ունի իր գույքը կտակելու բացարձակ իրավունք

 

Կտակի ազատությունը սահմանափակվում է միայն պարտադիր բաժնի իրավունքով:

Անկախ կտակի բովանդակությունից, ժառանգատուի մահվան պահի դրությամբ նրա դեռևս անչափահաս երեխաները (մինչև 18 տարեկան), 60 տարին լրացած կամ հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված ծնողները, ամուսինը և երեխաները պահպանում են այն գույքի կեսը ժառանգելու իրավունքը, որը նրանց կհասներ ըստ օրենքի (առանց կտակի) ժառանգության դեպքում:

Ինչպես է կտակը կազմվում

Կտակը պետք է կազմվի գրավոր, կարդացվի և ստորագրվի կտակարարի կողմից և վավերացվի նոտարական կարգով:

Եթե առողջության կամ գրագիտության հետ կապված պատճառներով կտակարարը ի վիճակի չէ ինքնուրույն կարդալ կամ ստորագրել կտակը, ապա դա նրա փոխարեն կարող է արվել մեկ այլ անձի կողմից:

Օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի քաղաքացիների կտակները նոտարի փոխարեն կարող են վավերացվել ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների կողմից:

Որոշ կազմակերպությունների ղեկավարներ և որոշ այլ անձինք նույնպես կարող են նոտարի փոխարեն կտակը վավերացնել (հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ծերանոցի տնօրենը, զորամասի հրամանատարը, քրեակատարողական հիմնարկի ղեկավարը իրավունք ունեն վավերացնել այդ հաստատություններում գտնվող անձնանց կտակները):

Ինչում է կայանում նվեր տալու և կտակելու տարբերությունը

Գործնականում, նվիրատվությունը հանգեցնում է սեփականության իրավունքի փոխանցման այն պահին, երբ կնքվում է նվիրատվության պայմանագիրը: Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է նվիրատվությունը վերացնելու խիստ սահմանափակ հիմքեր (երբ նվիրառուն ոտնձգություն է անում նվիրատուի, նրա ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների կյանքի նկատմամբ, մարմնական վնասվածքներ է պատճառում նվիրատուին, կամ նվիրառուի վերաբերմունքը նվեր ստացած գույքի նկատմամբ, որը նվիրատուի համար ոչ նյութական արժեք է ներկայացնում, ստեղծում է դրա կորստի վտանգ):

 

Ի տարբերություն նվիրատվության, կտակի դեպքում կտակարարը իր կյանքի ընթացքում պահպանում է կտակված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և կարող է ցանկացած պահի վերացնել կամ փոփոխել կտակը կամ պարզապես կազմել նոր կտակ:

Ինչ հերթականությամբ են ժառանգները ժառանգում

Այնքանով որքանով ժառանգությունը որոշված չէ կտակով, ժառանգները ժառանգում են քաղաքացիական օրենսգրքով սահմանված հաջորդականությամբ:

Յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգում են, եթե նախորդ հերթի ժառանգները բացակայում են, հրաժարվել են ժառանգությունից, չեն ընդունել ժառանգությունը կամ սահմանված կարգով զրկվել են դրանից:

Ըստ օրենքի ժառանգության դեպքում նույն հերթի ժառանգները ժառանգում են հավասար բաժիններով:

Ինչ հերթականությամբ են ժառանգները հրավիրվում ժառանգության համար

Ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգները ժառանգում են հետևյալ հերթականությամբ՝

  1. Առաջին հերթի ժառանգների թվին են դասվում ժառանգատուի ամուսինը, երեխաները և ծնողները: Թոռները կարող են ժառանգել ներկայացման իրավունքով, (այսինքն՝ եթե նրանց ծնողը մահացել է մինչև ժառանգատուի մահը, նրանք կարող են ժառանգել իրենց ծնողի փոխարեն):

  2. Երկրորդ հերթի ժառանգների թվին են դասվում եղբայրները և քույրերը: Եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:

  3. Երրորդ հերթի ժառանգների թվին են դասվում տատիկները և պապիկները:

  4. Չորրորդ հերթի ժառանգների թվին են դասվում ծնողների եղբայրները և քույրերը: Մահացողի զարմիկները ժառանգում են ներկայացման իրավունքով:

 

Ժառանգատուի խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձինք

Ըստ օրենքի ժառանգների թվին են պատկանում այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո: Ըստ օրենքի այլ ժառանգների առկայության դեպքում նրանք ժառանգում են այն հերթի ժառանգների հետ միասին, որը ժառանգության է հրավիրվում:

Ամուսնու իրավունքները ժառանգության դեպքում

Կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Ժառանգության զանգվածի մեջ է մտնում միայն ամուսինների ընդհանուր գույքի կազմում մահացող ամուսնու բաժինը:

Որդեգրվածների և որդեգրողների ժառանգությունը

Որդեգրողները և որդեգրվածները ունեն կեսաբանական ծնողների և երեխաների հետ հավասար իրավունքներ:

Անժառանգ գույքը

Եթե չկան ո´չ ըստ կտակի և ո´չ էլ ըստ օրենքի ժառանգներ, կամ նրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ:

Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:

Ինչ ժամկետում պետք է ժառանգությունն ընդունվի

Ժառանգությունն ընդունելու ժամկետը 6 ամիս է, որը հաշվարկվում է ժառանգատուի մահվան օրվանից:

Եթե ժառանգության իրավունքն այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգի հրաժարվելու դեպքում, ապա նրանք կարող են ժառանգությունն ընդունել վերոնշյալ վեցամսյա ժամկետի մնացած մասի, իսկ եթե այն երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում:

Այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել վերոնշյալ վեցամսյա ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

Ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո ժառանգությունը կարող է ընդունվել միայն սահմանված ժամկետում ժառանգությունն ընդունած բոլոր ժառանգների համաձայնությամբ կամ ժառանգությունը սահմանված ժամկետում չնդունելու համար հարգելի պատճառների առկայության դեպքում:

Ինչպես ընդունել ժառանգությունը

Ժառանգությունը կարելի է ընդունել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝

  • ժառանգատուի մահվան վայրի նոտարական գրասենյակում ժառանգության ընդունման մասին հայտարարություն ներկայացնելով.

  • ժառանգությունը փաստացի տիրապետելու կամ կառավարելու եղանակով՝ ներառյալ, երբ ժառանգը՝

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

 

Ինչպես կարող է ժառանգն ապացուցել, որ ժառանգությունն ընդունել է փաստացի տիրապետելու և կառավարելու եղանակով

Հաճախ ժառանգները բաց են թողնում ժառանգությունն ընդունելու համար սահմանված վեցամսյա ժամկետը: Նման դեպքերում վերջիններս կարող են փոխարենը ապացուցել, որ փաստացի տիրապետել և կառավարել են այդ գույքը: Այդ նպատակով նրանք կարող են ներկայացնել հարկերի կամ կոմունալ վճարումների անդորրագրեր, տեղեկանք համատիրությունից, վկայի ցուցմունքներ և այլն: Որպես կանոն, փաստացի տիրապետման և կառավարման փաստը հաստատում է դատարանը, սակայն բավարար ապացույցների առկայության դեպքում որոշ նոտարներ նույնպես հաստատում են, որ ժառանգը ընդունել է ժառանգությունը և տրամադրում են ժառանգության ընդունման վկայագիր:

Հարկերը

Հայաստանում ժառանգությունը չի հարկվում:

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

Առցանց խորհրդատվություն

Դուք կարող եք ստանալ օնլայն խորհրդատվություն համապատասխան ոլորտի մասնագետից:

bottom of page