top of page

Միկրոձեռնարկատիրության հարկումը

Որն է համարվում փոքր-բիզնես (միկրոձեռնարկատիրություն)

 

Բիզնեսները ում իրացման տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը (մոտ  50 000 ԱՄՆ դոլլար) կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն, եթե բավարարում են ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ պահանջները։

 

​Ինչ հարկեր են վճարում փոքր բիզնեսները Հայաստանում

 

Փոքր բիզնեսները ազատված են գրեթե բոլոր հարկերից, որոնք իրենց գործունեության ընթացքում կարող էին հաշվեգրվել (այդ թվում՝ հարկային գործակալի, ինչպես նաև շահութահարկի մասով կանխավճարներ կատարելու պարտականություններից)։

Փոքր բիզնեսները չեն ազատվում միայն՝

  • ապրանքների ներմուծման համար սահմանված հարկերից,

  • յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական 5000 դրամի չափով հաշվարկվող եկամտային հարկից,

  • ակցիզային հարկից,

  • բնապահպանական հարկից,

  • ճանապարհային հարկից։

Սա նշանակում է, որ փոքր բիզնեսները չեն վճարում շահութահարկ, ԱԱՀ կամ շրջանառության հարկ։ Ինչ վերաբերում է եկամտային հարկին, որը հաշվարկվում և վճարվում է աշխատողի աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճարումների համեմատությամբ և վերջիններիս անունից, ապա փոքր բիզնեսները իրենց յուրաքանչյուր վարձու աշխատողի համար վճարում են միայն 5000 դրամ։

 

Ինչպիսի կազմակերպաիրավական միավորներ կարող են որակվել որպես միկրոձեռնարկատիրություն

 

Միկրոձեռներկատիության համակարգում բիզնես կարող են իրականացնել հետևյալ միավորները

  • առևտրային կազմակերպություններ,

  • անհատ ձեռնարկատերերը,

  • անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք։

Ինչ պետք է անեն բիզնեսները, որպեսզի հարկվեն միկրոձեռնարկատիրության համակարգի համաձայն

 

Փոքր բիզնես համարվելու համար, հարկ վճարողը պետք է մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը հարկային մարմին ներկայացնի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Նոր գրանցված բիզնեսները կամ նրանք, ովքեր կասեցումից հետո վերսկսել են իրենց գործունեությունը, պետք է դրան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնեն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք կարող են ցանկացած ժամանակ հարկային մարմին ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և օգտվել այդ համակարգից։ Նրանք ստանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր։

 

Որոնք չեն կարող համարվել որպես փոքր բիզնեսներ

 

Անկախ իրենց տարեկան իրացման շրջանառության ծավալներից, հետևյալ միավորները չեն կարող ընդգրկվել միկրոձեռնարկատիրության համակարգում՝

  • բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առուվաճառքով զբաղվող դիլերները և բրոքերները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպիչները.

  • խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայությունները, նրանք, որոնք իրականացնում տեղեկատվության մշակում (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման աշխատանքներ, գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական, փորձարարական-տեխնոլոգիական աշխատանքներ կատարողները, Երևան քաղաքում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ հոսթելների, որոնք իրականացնում են իրենց հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի ոլորտի գործունեություն), ինչպես նաև նշյալ ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.

  • Երևան քաղաքում առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող դիլերները և էլեկտրոնային հարթակում առևտրական գործունեությամբ զբաղվող միավորները.

  • Հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումներ կազմակերպողները.

  • մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների (օրինակ՝ սլոտ ապարատներ) օպերատորները.

  • հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։ Այս սահմանափակումը կիրառվում է մինչև երկրորդ խախտման արձանագրելու օրվան հաջորդող հարկային տարվա ավարտը.

  • փոխկապակցված անձինք։ Անձինք հարկային առումով համարվում են փոխկապակցված, եթե կազմակերպության 20 տոկոս և ավելի բաժնեմասը պատկանում է այլ անձի կամ անձին պատկանում է երկու տարբեր կազմակերպության 20  տոկոս և ավելի բաժնեմասը (Հարկային օրենսգրքի 30-րդ հոդված);

  • հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ տարբեր հանգամանքների ուժով փոխկապակցված ճանաչված միավորները, եթե նրանց գործունեության բոլոր տեսակների մասով իրացման տարեկան շրջանառության հանրագումարը գերազանցում է 24 միլիոն դրամը.

  • համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք.

  • անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր իրենց գործունեության ընթացքում օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքները;

  • կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

 

 

Գոյություն ունի արդյո՞ք որևէ սահմանափակում փոքր բիզնեսում աշխատողների թվաքանակի հետ կապված

 

Ոչ, աշխատողների թվաքանակի հետ կապված որևէ սահմանափակում գոյություն չունի։  Այնուամենայնիվ, ֆիզիկական անձինք, ովքեր իրականացնում են փոքր բիզնես առանց կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու, չեն կարող օգտվել միկրոձեռնարկատիրության համակարգից, եթե նրանք օգտագործում են գրանցում չունեցող այլ ֆիզիկական անձանց աշխատանքները։  

 

Որ փոքր բիզնեսները կարող են գործել առանց պաշտոնական գրանցման

 

Գործունեության հետևյալ տեսակները կարող են իրականացվել առանց կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու՝

  • հոսթելային (զբոսաշրջային տների) ծառայությունները;

  • լեզուների ուսուցման դասընթացներ;

  • մասնավոր նախապատրաստական (ռեպետիտորի մոտ) դասընթացնեեր;

  • այլ մասնագիտական դասընթացներ;

  • պարեր, երգեցողության դասընթացներ;

  • կատարողական արվեստի  և դրանց հետ կապված այլ օժանդակ գործունեություն;

  • ստեղծագործական գործունեություն;

  • խնջույքավարների գործունեություն;

  • կրթական գործունեություն, արտադպրոցական մարմնամարզության և սպորտի բնագավառում գործունեություն;

  • կենցաղային ծառայություններ;

  • դարբնոցային ծառայություններ;

  • ժամացույցների, ժամանակաչափ սարքերի, երաժշտական գործիքների նորոգում;

  • ֆիզիկական անձ հաճախորդների պատվերով կատարվող հետևյալ աշխատանքները՝

  • կոշիկի, կաշվե և համանման այլ արտադրատեսակների արտադրություն և նորոգում;

  • հագուստների և գլխարկների արտադրություն և նորոգում,

  • գորգերի և կարպետների արտադրություն և նորոգում,

  • փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում,

  • ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում,

  • համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում,

  • հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում;

  • տնտեսական և խեցեգործական, այլ ճենապակե արտադրատեսակների արտադրություն,

  • թիթեղագործական գործունեություն:

 

Նշենք, որ այս համակարգից օգտվելու համար վերոնշյալ անձինք պետք է դեռ հայտարարություն ներկայացնեն հարկային մարմին և ստանան իրենց միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու կարգավիճակը հաստատող արտոնագիր։

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

Առցանց խորհրդատվություն

Ամբողջական տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք խորհրդատվություն ստանալ համապատասխան ոլորտի մասնագետից: 

bottom of page