top of page

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա

Մուտքի վիզայից ազատված երկրները

 

Այն երկրների ՑԱՆԿԸ որոնց քաղաքացիները միակողմանիորեն ազատված են Հայաստանի մուտքի վիզա ստանալու պահանջից։

 

Այն երկրների ՑԱՆԿԸ որոնց քաղաքացիներն ազատված են Հայաստանի մուտքի վիզա ստանալու պահանջից ՀՀ միջազգային պայմանագրերի համաձայն։

 

Այդ պետությունների քաղաքացիները կարող են մնալ Հայաստանում առանց մուտքի վիզայի՝ առավելագույնը 180 օր ժամկետով մեկ տարվա ընթացքում։ Նրանց անձնագրերը պետք է վավեր լինեն Հայաստանում մնալու ամբողջ ընթացքում։

 

Մուտքի վիզայի տեսակները

 

Այցելության մուտքի վիզա. տրամադրվում է հարազատներին (ընկերներին) այցելելու, ընտանիքի վերամիավորման, զբոսաշրջության, բուժման, տնտեսական գործունեություն ծավալելու, ներդրում կատարելու, ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնելու, Հայաստանի կրթական հաստատություններում ուսանելու, կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական կամ այլ ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման, գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու նպատակով։

 

Մուտքի վիզան տրամադրվում է մեկանգամյա կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար։

 

Պաշտոնական մուտքի վիզա. տրամադրվում է պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց, մասնավորապես՝

  • Հայաստանում այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում և  միջազգային կազմակերպություններում դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,

  • պետական մարմինների կամ Հայաստանում հավատարմագրված այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հրավերով ծառայողական նպատակներով Հայաստան ժամանող օտարերկրյա պաշտոնատար անձանց, ինչպես նաև սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամներին` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար։

 

Դիվանագիտական մուտքի վիզա. տրամադրվում է դիվանագիտական անձնագիր կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց, մասնավորապես՝

  • Հայաստանում այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների կամ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,

  • պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով Հայաստան  ժամանող պատվիրակության անդամներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց համար՝ մեկ մուտքի կամ մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,

  • ոչ ծառայողական նպատակներով Հայաստան ժամանողների համար` մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար։

 

Տարանցիկ մուտքի վիզա - Հայաստանի տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` մինչև 3 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 4 օր երկարաձգելու հնարավորությամբ:

 

Որքա՞ն է Հայաստանում մուտքի վիզայի վավերականության ժամկետը

 

Հայաստանի մուտքի վիզաները տրվում են մինչև 120 օր ժամկետով` առավելագույնը մինչև 60 օրով երկարաձգելու հնարավորությամբ, եթե օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Անհրաժեշտության դեպքում կարող է տրվել նաև խմբակային վիզաներ։

 

Ո՞ր մարմին է տրամադրում մուտքի վիզա

 

  • պաշտոնական և դիվանագիտական մուտքի վիզաները, ինչպես նաև էլեկտրոնային մուտքի վիզաները տրամադրում և երկարաձգում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը,

  • այցելության և տարանցիկ մուտքի վիզաները տրամադրում և երկարաձգում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։

 

Մուտքի վիզայի ստանալու գործընթացը

 

  • Հայաստան ժամանելիս նշված երկրների քաղաքացիները մուտքի վիզա կարող են ստանալ ժամանելիս՝ օդանավակայանում կամ Վրաստանի կամ Իրանի սահմաններում տեղակայված սահմանային անցակետերում։ Հնարավոր է մուտքի վիզա ստանալ առցանց դիմելով։

  • հրավերի հիման վրա նշված երկրների քաղաքացիները պետք է ստանան մուտքի վիզա օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններում կամ հյուպատոսական հիմնարկներում մինչև Հայաստան ժամանելը։ Որպես կանոն, մուտքի վիզա ստանալու համար պահանջվում է հրավեր։ Նրանք չեն կարող ստանալ առցանց վիզա կամ վիզա ժամանելիս։ Այնուամենայնիվ, նշված պետությունների ազգությամբ հայերը ՀՀ սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի:

 

Ո՞վ կարող է տալ հրավեր 

 

Հետևյալ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավասու են տրամադրել Հայաստան այցելելու հրավեր՝

  • Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները,

  • Հայաստանում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացինները,

  • Հայաստանում գրանցված իրավաբանական անձինք,

  • ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները կամ միջազգային կազմակերպությունները կամ նրանց ներկայացուցչությունները։

 

Հրավերը պետք է պարունակի տեղեկություններ հրավիրողի, հրավիրվողի, հրավերի նպատակի, ինչպես նաև հրավիրվողի՝ Հայաստանում մնալու ժամկետների մասին։ 

 

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի հրավերքը հաստատելու համար և որքա՞ն է տևում տվյալ գործընթացը

 

ՀՀ քաղաքացիները կամ Հայաստանում բնակվող օտերկրացիները ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հաստատմանը ներկայացնում են հրավեր կցելով՝

  • անձնագիր կամ կացության վկայական, համապատասխանաբար

  • պետական տուրքի վճարման անդորագիր՝ 5000 դրամի չափով (մոտ 10 ԱՄՆ դոլլար) յուրաքանչյուր հրավիրվածի համար։

 

Հայաստանում գրանցված իրավաբանական անձինք ՀՀ արտաքին գործերի նախարարության հաստատմանը ներկայացնում են հրավեր՝ կցելով 

  • գրանցման վկայականի պատճեն,

  • պետական տուրքի վճարման անդորագիր՝ 5000 դրամի չափով (մոտ 10 ԱՄՆ դոլլար) յուրաքանչյուր հրավիրվածի համար։

 

Հրավերի (կամ մուտքի վիզայի երկարաձգման դիմումի) հաստատումը տևում է մինչև 15 օր։

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներակայցվեն Հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչություն մուտքի վիզա ստանալու համար

 

Հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունում մուտքի վիզա ստանալու համար, դիմողը պետք է ներկայացնի

  • վավեր անձնագիր.

  • լրացված դիմում.

  • անձնագրի չափի գունավոր լուսանկար.

  • պետական տուրքի վճարման անդորրագիր։

 

Վիզան տրամադրվում է հյուպատոսական ծառայության հայեցողությամբ և լրացուցիչ փաստաթղթեր կարող են պահանջվել՝ այցելության նպատակը, Հայաստանում կեցության կամ այլ ծախսերի համար բավարար ֆինանսական միջոցների առկայության վերաբերյալ (օրինակ՝ հյուրանոցի ամրագրումը, բանկային հաշվի վերաբերյալ հայտարարագիրը և այլն)։

Պետական տուրքը մուտքի վիզա ստանալու համար

Վիզա ստանալու համար պետական տուրքի չափերը տարբեր են՝ վիզայի տեսակից և մնալու ժամկետներով պայմանավորված՝

ՎԻԶԱՅԻ ՏԵՍԱԿ                                                           ԴՐԱՄ              ԱՄՆ

                                                                                                             ԴՈԼԼԱՐ

մեկանգամյա մուտքի վիզա մինչև 21 օր

գտնվելու իրավունքով                                                      3000                 7

 

մեկանգամյա մուտքի վիզա մինչև 120

օր գտնվելու իրավունքով                                                15000               37

բազմակի մուտքի վիզա մինչև 60

օր գտնվելու իրավունքով և մինչև 6

ամիս վավերականության ժամկետով                             20000              50

բազմակի մուտքի վիզա մինչև 120

օր գտնվելու իրավունքով և մինչև

1 տարի վավերականության ժամկետով                        40000               99

պաշտոնական և դիվանագիտական վիզա                        0                   0

մեկ մուտքի տարանցիկ վիզա տալու համար                10000               25

բազմակի մուտքի տարանցիկ վիզա

տալու համար մինչև 1 տարի

վավերականության ժամկետով                                     18000                45

բոլոր տեսակի վիզաներ՝ 18 տարին

չլրացած երեխաների համար։                                           0                      0

Մուտքի վիզայի համար պետական տուրքը կարող է վճարվել նաև արտարժույթով Հայաստան մուտք գործելիս կամ դիվանագիտական ներկայացուցչություններում՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված միջին տարեկան փոխարժեքով հաշվարկված: Central Bank of Armenia.

 

Հայաստան ժամանելը

 

Հայաստանի տարածք մուտք գործելիս օտարերկրացիները պետք է ունենան վավեր անձնագիր, մուտքի վիզա կամ կացության կարգավիճակ հավաստող փաստաթուղթ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ միջազգային պայմանագրերով:

 

Անչափահասները (18 տարին չլրացած անձինք) կարող են Հայաստան մուտք գործել իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք այցելում են իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն։

 

Եթե օտարերկրացիները ժամանում են Հայաստան առանց անձնագրի կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի կամ, եթե մուտքի վիզան մերժվում է պետական սահմանի անցման կետում, օտարերկրացիների չեն կարող մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ժամանել են ապաստանի իրավունք կամ փախստականի կարգավիճակ հայցելու նպատակով:

 

Հայաստանից ելքը

 

Օտարերկրացիները կարող են դուրս գալ Հայաստանից վավերական անձնագրով և մինչև դուրս գալու պահը Հայաստանում նրանց օրինական գտնվելը հավաստող փաստաթղթով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ միջազգային պայմանագրերով:

 

Օտարերկրացուն չի թույլատրվում դուրս գալ Հայաստանից, եթե նրա նկատմամբ նշանակվել է այնպիսի պատիժ, որի կրումը հնարավոր է միայն Հայաստանում կամ նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց, բացառությամբ այն դեպքերի, երբ դուրս գալու թույլտվություն տրվել է քրեական հետապնդման մարմնի կողմից։

 

Հայաստանով տարանցիկ երթևեկելը

 

Տարանցիկ երթևեկության դեպքում օտարերկրացիները ներկայացնում են ուղևորատոմսեր կամ մուտքի վիզա դեպի երրորդ երկիր և կարող են մնալ Հայաստանի տարածքում 72 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ դեպքերի: Հայաստանի ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթևեկող օտարերկրացիները կարող են տարանցիկ վիզա ստանալ նաև առանց դեպի երրորդ երկիր ուղևորատոմսեր կամ մուտքի վիզա ներկայացնելու:

 

Օտարերկրացիներին թույլատրվում է գտնվել տարանցիկ գոտում և չմտնել Հայաստանի տարածք 48 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ դեպքերի:

 

Ե՞րբ կարող է վիզան (ժամկետի երկարաձգումը) մերժվել, ուժը կորցրած ճանաչվել կամ արգելվել

Մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում, ուժը կորցրած է ճանաչվում կամ արգելվում է, եթե՝

   1. անձը արտաքսվել է Հայաստանից կամ զրկվել է կացության կարգավիճակից վերջին երեք տարվա ընթացքում.

  2. անձը չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի.

    3. գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

  • վնաս պատճառել ազգային անվտանգությանը,

  • իրականացնել ահաբեկչական գործունեություն,

  • սահմանով տեղափոխում է արգելված իրեր,

  • իրականացնել մարդու թրաֆիքինգ և/կամ պետական սահմանի ապօրինի հատում,

    4. անձը տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ, եթե նա ժամանում է հիվանդությունը բուժելու նպատակով.

      5. մուտքի թույլտվություն հայցելիս անձը ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ առկա են տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանում ունի այլ նպատակ, քան հայտարարվել էր.

    6. գոյություն ունեն ազգային անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ սպառնալիքներ։

 

1-ին և 2-րդ կետերում նկարագրված դեպքերում, մուտքի վիզան կարող  է տրամադրվել բացառիկ հանգամանքներում և խիստ հիմնավորված դեպքերում:

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

Առցանց խորհրդատվություն

Դուք կարող եք ստանալ առցանց խորհրդատվություն համապատասխան ոլորտի մասնագետի կողմից

bottom of page