top of page

Աշխատանքի թույլտվություն

Արդյո՞ք օտարերկրացիները պետք է ունենան աշխատանքի թույլտվություն Հայաստանում աշխատելու համար

Այո՛: Հայաստանում օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու համար պահանջվում է աշխատանքի թույլտվություն: Ընդ որում, Հայաստանում գոյություն չունեն օտարերկրյացի աշխատողների քանակային սահմանափակումներ:

 

Ովքե՞ր կարող են աշխատել առանց աշխատանքի թույլտվության

Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել`

  • Հայաստանի Հանրապետության մշտական և հատուկ կացության կարգավիճակ ունեցողները,

  • ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող անձինք և ովքեր միաժամանակ ունեն ընտանիքի անդամ, ով Հայաստանի քաղաքացի է կամ ունի մշտական, հատուկ կամ ժամանակավոր կացության կարգավիճակ,

  • ապաստան ստացած անձինք,

  • օտարերկրյա դիվանագիտները և նրանց ընտանիքի անդամները,

  • մերձսահմանային շրջանների աշխատողները,

  • կարճ ժամկետով ժամանած մշակութային գործիչները և մարզիկները,

  • օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները,

  • օտարերկրյա առևտրային կազմակերպությունների աշխատակիցները,

  • մեքենաներ, սարքավորումներ, հաստոցներ տեղադրելու և վերանորոգելու նպատակով ժամանող մասնագետները (մինչև 6 ամիս ժամկետով),

  • օտարերկրյա լրագրողները,

  • հրավիրված դասախոսները,

  • արձակուրդների ժամանակ փոխանակումների շրջանակներում ժամանած ուսանողները,

  • բարձր որակավորում ունեցող աշխատողները (մասնագետների ցանկը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ),

  • ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա աշխատանքի թույլտվության պահանջից ազատված անձինք։

 

Ո՞վ է պարտավոր դիմել աշխատանքի թույլտվություն ստանալու համար

Աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմումը ներկայացնում է գործատուն:

Ո՞ր պետական մարմինն է տալիս աշխատանքի թույլտվություն

Աշխատանքի թույլտվություն տրամադրում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության հրպ. Կառավարական տուն 3):

Ե՞րբ կարող է գործատուն դիմել աշխատանքի թույլտվության համար

Մինչև աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմում ներկայացնելը, գործատուն պետք է տեղեկացնի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը թափուր հաստիքի մասին: Դրանից հետո, նախարարությունը ստուգում է զբաղվածության ոլորտի տեղեկատվական շտեմարանը և պարզում, թե արդյո՞ք առկա են թափուր աշխատատեղին համապատասխանող աշխատանք փնտրող ՀՀ քաղաքացիներ: Նման անձի (անձանց) առկայության վերաբերյալ վերջիններս ուղեգրվում են տվյալ գործատուի մոտ, ով կարող է վերջիններիս ընդունել կամ չընդունել աշխատանքի:

Գործատուն աշխատանքի թույտվության համար դիմում է, եթե

  • թափուր հաստիքի մասին նախարարությանը տեղեկացնելուց հետո նախարարությունը գործատուին չի ներկայացնում Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձ, կամ

  • գործատուն որոշում է այդ անձին չվերցնել աշխատանքի:

 

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ աշխատանքի թույլտվություն ստանալու համար

  • դիմում` օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու մասին` համաձայն ձևի.

  • օտարերկրացու անձնագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը, ընդ որում` անձնագրի վավերականության ժամկետն առնվազն վեց ամսով պետք է գերազանցի աշխատանքի թույլտվության ժամկետը.

  • օտարերկրացու ստացած մասնագիտական կրթության, որակավորման մասին փաստաթղթերը` հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված (եթե թափուր աշխատատեղը համալրելու համար պահանջվում է մասնագիտական կրթություն, որակավորում) կամ oտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագիրը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից համապատասխանեցված Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին.

  • օտարերկրացու 3x4 չափի մեկ գունավոր լուսանկար.

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը (25 000 ՀՀ դրամ):

 

Որքա՞ն ժամանակ է գործընթացը տևում

Որոշումը կայացվում է պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ո՞ր դեպքերում կարող է մերժվել աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումը

Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժվում է, եթե`

  • Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը.

  • տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

  • պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը կեղծված են.

  • գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները.

  • գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանն սպառնացող պատճառներ:

Մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված օտարերկրացուն առանց աշխատանքի թույլտվության աշխատանքի ընդունելու համար

Օրենքի խախտմամբ՝ առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացու աշխատանքի ընդունելու համար սահմանված է տուգանք 100-150 000 ՀՀ դրամի չափով:

Բացի այդ, առանց աշխատանքի թույլտվության աշխատելը հիմք է հանդիսանում օտարերկրացուն տրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու համար:

Ի՞նչ է լինում, եթե աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո գործատուն օտարերկրացուն չի ընդունում աշխատանքի

Եթե գործատուն աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքում աշխատանքային պայմանագիր, ապա աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած է ճանաչվում:

Բացի այդ, նման դեպքում գործատուն հոգում է օտարերկրացու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, հետևյալ ծախսերը` նշված չափերով, յուրաքանչյուր անձի համար`

  • ապրուստի ծախսը` նվազագույն ամսական աշխատավարձի (որը 01.01.2020թ. դրությամբ կազմում է 68 000 ՀՀ դրամ) կրկնապատիկի չափով՝ ամսական կտրվածքով, երկու ամիս ժամկետով.

  • անձնական ունեցվածքի փոխադրման ծախսերը` նվազագույն ամսական աշխատավարձի քառապատիկի չափով` միանվագ.

  • վերադարձի ծախսերն իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են` օտարերկրացու կողմից ընտրված տրանսպորտային միջոցով և տվյալ պահին հնարավոր նվազագույն գներով:

 

ՀՀ կառավարության 12.05.2016թ. թիվ 493-Ն որոշմանը ծանութանալու համար հետևեք այս հղումին:

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

Առցանց խորհրդատվություն

Դուք կարող եք ստանալ առցանց խորհրդատվություն համապատասխան ոլորտի մասնագետի կողմից

bottom of page