Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալը Հայաստանում
Ի՞նչ կացության կարգավիճակներ կան Հայաստանում
Հայաստանում կարելի է ստանալ կացության հետևյալ կարգավիճակները՝
-
ժամանակավոր կացության կարգավիճակ (1 տարի ժամկետով),
-
մշտական կացության կարգավիճակ (5 տարի ժամկետով),
-
հատուկ կացության կարգավիճակ (10 տարի ժամկետով):
Ո՞վ կարող է ստանալ կացության ժամանակավոր կարգավիճակ
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար հիմք են հանդիսանում՝
-
ուսումը.
-
աշխատանքի թույլտվության առկայությունը.
-
Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը.
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը.
-
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.
-
ազգությամբ հայ լինելը.
-
օրենքով սահմանված այլ դեպքեր:
Ո՞վ կարող է ստանալ մշտական կացության կարգավիճակ
Անձը կարող է Հայաստանում ստանալ մշտական կացության կարգավիճակ, եթե՝
-
ապացուցում է ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ
-
ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:
Ժամանակավոր կացության կարգավիճակի առկայությունը, որպես այդպիսին, պարտադիր պայման չէ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար:
Ու՞մ պետք է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար
Կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք):
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կացության կարգավիճակի համար
Կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում.
-
35x45 մմ չափի 3 լուսանկար.
-
անձնագիրը, անձնագրի պատճենը և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
-
կացության կարգավիճակ ստանալու համար հիմք հանդիսացող հանգամանքները հաստատող փաստաթղթեր (օրինակ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ ապացույցներ).
-
առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթ.
-
պետական տուրքի վճարման անդորրագիր (105 000 ՀՀ դրամ՝ ժամանակավոր կացության կարգավիճակի համար, 140 000 ՀՀ դրամ՝ մշտական կացության կարգավիճակի համար, ԱՄՆ քաղաքացիների դեպքում համապատասխանաբար 85 000 և 90 000 ՀՀ դրամ):
Որո՞նք են ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակների տարբերությունները
Հիմնական տարբերությունը կայանում է կացության կարգավիճակի տևողության մեջ: Ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում է 1 տարի ժամկետով, իսկ մշտական կացության կարգավիճակը՝ 5 տարի ժամկետով:
Կացության կարգավիճակ ստանալու հիմքերը նույնպես տարբերվում են: Այնուամենայնիվ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, ծագումով հայ լինելը, ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամ ունենալը կարող են հիմք հանդիսանալ ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար:
Բացի այդ, եթե ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար վճարվող պետական տուրքը կազմում է 105 000 ՀՀ դրամ, մշտական կացության կարգավիճակ ստանալու դեպքում այն կազմում է 140 000 ՀՀ դրամ:
Ինչպե՞ս կարող է անձը կացության կարգավիճակ ստանալ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ստանալու հիմքով
Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը ապացուցելու համար անձը պետք է նախ և առաջ ներկայացնի կազմակերպության գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վերաբերյալ փաստաթղթերը (պետական գրանցման վկայական, կանոնադրություն): Այուամենայնիվ, այդ փաստաթղթերը կարող են բավարար չլինել իրականում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստը հաստատելու համար: Այդ պատճառով, հնարավոր է, որ առաջանա նաև այլ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն (պայմանագրեր, հարկային հաշվետվություններ, անդորրագրեր և այլն):
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կարող է հիմք հանդիսանալ ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար («Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետեր):
Ի՞նչ է նշանակում «զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ քաղաքացիները կարող են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել՝
-
առևտրային կազմակերպությանուններ ստեղծելով և դրանց մասնակից լինելով.
-
որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելով.
-
որոշ սահմանափակ դեպքերում՝ առանց գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման:
Արդյո՞ք կացության կարգավիճակի առկայությունը անհրաժեշտ է օտարերկրացիների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար
Ո՛չ: Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար կացության կարգավիճակ չի պահանջվում: Ընդհակառակը, անձը պետք է արդեն իսկ սկսած լինի ձեռնարկատիրական գործունեությունը, որպեսզի այդ հիմքով կարողանա ստանալ կացության կարգավիճակ:
Ինչպե՞ս կարող է անձը գրանցել կազմակերպություն կամ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր
Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար անձը պետք է ներկայանա իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալություն: Հայաստանում կազմակերպություն գրանցելու կարգը պարզաբանված է հետևյալ էջում:
Ի՞նչ ժամկետում է որոշում կայացվում
Որոշումը կայացվում է դիմումը ներկայացնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ընթացքում անձնագրային և վիզաների վարչությունը ուսումնասիրում է դիմումը և կայացնում է համապատասխան որոշում:
Ե՞րբ և ինչպե՞ս է երկարաձգվում կացության կարգավիճակը
Կացության կարգավիճակի երկարաձգման համար օտարերկրացին պետք է գործող կացության կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ դիմի անձնագրային և վիզաների վարչություն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:
Կացության կարգավիճակի երկարաձգման համար դիմելիս դիմողի անձնագրի նոտարական կարգով հաստատված թարգմանությունը չի պահանջվում, քանի որ այն արդեն իսկ ներկայացվել է նախկին դիմումի հետ միասին: Այս բացառությունը ենթադրվում է նաև այն դեպքերում, երբ անձը դիմում է մշտական կացության կարգավիճակ ստանալու համար՝ նախկինում ժամակավոր կացության կարգավիճակի համար դիմած լինելու դեպքում: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ անձը պարտավոր չէ վարչական մարմնին ներկայացնել այնպիսի փաստաթղթեր, որոնք վերջինս արդեն իսկ ներկայացրել է նախկինում: Այս կանոնը, սակայն, չի ազատում անձին այնպիսի փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունից, որոնցով հաստատվում են փոփոխման ենթակա հանգամանքներ (օրինակ՝ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք):
Ի՞նչ հետևանքներ են նախատեսված կացության կարգավիճակի ժամկետը խախտելու համար
Օտարերկրացու կողմից կացության կարգավիճակի ժամկետը խախտելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչությունը կարող է հայցադիմում ներկայացնել ՀՀ վարչական դատարան՝ օտարերկրացուն արտաքսելու պահանջով:
Բացի այդ, օտարերկրացու նկատմամբ կարող է կիրառվել վարչական պատասխանատվություն՝ 50-100 հազար ՀՀ դրամի չափով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մաս):
Հայաստանի Հանրապետությունից արտաքսումը կամ կիրառված տուգանքը չվճարելը կարող են հիմք հանդիսանալ հետագայում Հայաստանի Հանրապետության տարածք օտարերկրացու մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի մերժման համար:
Տեղեկացում
Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։
Առցանց խորհրդատվություն
Դուք կարող եք ստանալ ախորհրդատվություն համապատասխան ոլորտի մասնագետի կողմից