top of page

Հարկեր

​Ինչպիսի՞ հարկեր են գործում Հայաստանում

 

Հետևյալ հարկերն են գործում Հայաստանում՝

պետական հարկեր՝

  • ավելցված արժեքի հարկ (ԱԱՀ),

  • ակցիզային հարկ,

  • շահութահարկ (վճարվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից),

  • եկամտային հարկ,

  • բնապահպանական հարկ,

  • ճանապարհային հարկ,

  • շրջանառության հարկ.

տեղական հարկեր՝

  • անշարժ գույքի հարկ,

  • փոխադրամիջոցների գույքահարկ։

 

Որքա՞ն է ԱԱՀ-ի դրույքաչափը

 

ԱԱՀ -ի դրույքաչափը 20 տոկոս է։ Այն գանձվում է, եթե իրացման շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը։

 

Որքա՞ն է ակցիզային հարկի դրույքաչափը

 

2020թ հունվարի 1-ից սկսած Հայաստանում կիրառվում է ակցիզային հարկի հատուկ դրույքաչափեր՝ արտադրանքի քանակով պայմանավորված։​

 

Որքա՞ն է շահութահարկի դրույքաչափը

Շահութահարկ վճարում են կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և  նոտարները։ Որոշ բացառություններով, շահութահարկը հաշվարկվում է 18 տոկոս դրույքաչափով։

 

Անհատ ձեռնարկատեր

 

Եթե անհատ ձեռնարկատերը գործում է հարկման հատուկ համակարգերում (շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկային համակարգ), ապա նա՝ տվյալ գործունեության համար յուրաքանչյուր ամիս միայն վճարում է 5000 դրամ։

 

Միկրոձեռնարկատիրության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար սեղմել հետևյալ հղումը։

 

Ներդրումային ֆոնդերը և արժեթղթավորման հիմնադրամներ

 

Ներդրումային ֆոնդերի և արժեթղթավորման հիմնադրամների հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 0.01 տոկոս դրույքաչափով:

 

Հայատանում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների Հայաստանյան աղբյուրներից ստացված շահույթը հարկվում է հետևյալ դրույքաչափերով՝

 

  • ապահովագրական փոխհատուցումներից, վերաապահովագրական վճարներից ստացված եկամուտների համար՝ 5 տոկոս,

  • փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների համար՝ 5 տոկոս,

  • շահաբաժինների համար՝ 5 տոկոս,

  • արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի դեպքում՝ 0 տոկոս,

  • պասիվ եկամուտների համար՝ 10 տոկոս,

  • Հայաստանյան աղբյուրներից ստացվող այլ եկամուտների համար 20 տոկոս։

 

Ռեզիդենտ կազմակերպությունները չեն վճարում հարկեր այն շահաբաժիների համար, որոնք նրանց ստացել են որպես ներդրողներ։ Այդ կազմակերպությունների կողմից ստացված շահաբաժիները նվազեցվում են հարկման բազայի որոշման նպատակով հաշվարկվող համախառն եկամտից։ Այն կատարվում է շահաբաժիների համար կրկնակի հարկումից խուսափելու համար, քանի որ այդպիսի կազմակերպությունները կնվազեցնեն շահաբաժնի հարկը, մինչև ֆիզիկական անձ մասնակիցներին շահաբաժիններ վճարելը:

 

Ներդրումները՝ կանոնադրական կապիտալում

 

Շահույթի որոշ տեսակներ՝ հարկման մասով չեն համարվում եկամուտ։ Այդպիսի օրինակներից է կանոնադրական կապիտալում ներդրումները։

Գյուղատնտեսություն

 

Բիզնեսները, որոնք զբաղվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ, ազատվում են շահութահարկից, եթե իրենց կողմից այլ ակտիվների իրացումից ստացվող  եկամուտները հարկային տարվա համախառն եկամտի մեջ չեն գերազանցում 10 տոկոսը:  Այս բացառությունը գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

Որքա՞ն են եկամտային հարկի դրույքաչափերը Հայաստանում

 

​Աշխատավարձեր

Որպես կանոն աշխատավարձերի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 23  տոկոս դրույքաչափով 2020թ-ի համար։ Այն աստիճանաբար նվազում է 1 տոկոսով յուրաքանչյուր հաջորդ տարիների համար մինչև 2023թ-ը՝ դառնալով 20 տոկոս։

Վարձավճարներ

Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով։ Եթե հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը գերազանցում է 60 միլիոն դրամը, գերազանցող մասի համար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10 տոկոս դրույքաչափով:

 

Շահաբաժիններ

Շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով։

Ժառանգություն և նվերներ

Ժառանգությունը և նվերները հարկման ենթակա չեն։

 

Անձնական գույքի օտարում

Անձնական գույքի օտարումից ստացված եկամուտները, որպես կանոն, հարկման ենթակա չեն։

Եկամտային հարկ կիրառվում է՝

  • ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում վաճառվող տրանսպորտային միջոցի համար (1 տոկոս, բայց ոչ պակաս, քան 150 դրամ յուրաքանչյուր ձիաուժի համար),

  • կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների համար 20 տոկոս դրույքաչափով։

 

Հետագայում, եթե գույքի գնորդը հարկային գործակալ է (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր), վերջինիս պարտավոր է գործարքի գնի 10 տոկոս դրույքաչափով պահում կատարել որպես եկամտային հարկ, մինչ վաճառողին վճարում կատարելը։

 ​

Ռոյալթիներ

 

Ռոյալթիների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

 

​Տոկոսներ

 

Տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով բացառությամբ այն տոկոսներից, որոնք ձևավորվել  են որոշ արժեթղթերից։

 

Արժեթղթեր

 

Հետևյալ արժեթղթերից ստացված եկամուտները չեն հարկվում`

 

  • պետական պարտատոմսերից, պետական այլ արժեթղթերից, համահայկական բանկի թողարկած պարտատոմսերից ստացվող տոկոսը, մարման ժամանակ ստացվող զեղչը և (կամ) օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը.

  • բաժնետոմսերի կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը.

  • ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող եկամուտը (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, նման այլ գործարքներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից).

  • Հայաստանի գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտը, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց:

 

Արժեթղթերից ստացված եկամուտները հարկման ենթակա են, եթե

 

  • ստացվում են որպես շահաբաժին, բացառությամբ Հայաստանում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների.

  • ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, վճարագրի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից.

  • ստացվում են որպես ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքների կատարման դիմաց հատուցում կամ փոխարինում են այդ հատուցմանը՝ անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից.

  • ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է ներդրում կատարելու հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում:

 

Գյուղատնտեսություն

 

Ֆիզիկական անձանց գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամուտը ազատված է եկամտային հարկից։

 

Ի՞նչ է շրջանառության հարկը և որքա՞ն է դրա դրույքաչափը

 

Շրջանառության հարկը ԱԱՀ-ին և/կամ շահութահարկին փոխարինող այլընտրանքային հարկային ռեժիմ է։ Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են ընտրել այս հարկային ռեժիմը, եթե նրանց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը և նրանք բավարարում են որոշակի պահանջներին։

 

Շրջանառության հարկի դրույքաչափերը հետևյալն են՝

 

  • առևտրական գործունեությունից, բացառությամբ երկրորդային հումքի առևտրից, ինչպես նաև անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների համար՝ 5 տոկոս,

  • երկրորդային հումքի առևտրական գործունեությունից ստացվող եկամուտների համար՝ 1,5 տոկոս,

  • խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտների համար՝ 1,5 տոկոս,

  • արտադրությունից ստացվող եկամուտների համար՝ 3,5 տոկոս,

  • վարձակալական վճարից, տոկոսից, ռոյալթից, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների համար՝ 10 տոկոս,

  • վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների համար՝ 25 տոկոս,

  • հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների համար՝ 6 տոկոս,

  • հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսների կողմից այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտների համար՝ 20 տոկոս,

  • այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտների համար՝ 5 տոկոս։

 

Որքա՞ն են անշարժ գույքի հարկի դրույքաչափերը

 

Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է՝ ելնելով տվյալ գույքի կադաստրային արժեքից։ Անշարժ գույքի կադաստրային արժեքը գույքի մոտավոր շուկայական արժեքն է, որը գնահատվում է 3 տարին մեկ անգամ։ Գյուղատնտեսական նշանակության հողի հարկման բազան կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամուտն է (հոդված 228):

 

Անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափերն են՝

  • գյուղատնտեսական նշանակության հողի համար՝ 15 տոկոս (հաշվարկային զուտ եկամուտ).

  • ոչ գյուղատնտեսական նշանակության հողի համար բնակավայրում՝ 1 տոկոս.

  • ոչ գյուղատնտեսական նշանակության հող համար բնակավայրից դուրս՝ 0,5 տոկոս.

  • գյուղական համայնքների սահմաններում ընդգրկված բնակելի կառուցապատման հողի համար` 0,6 տոկոս.

  • անտառային ֆոնդի հողերի (բացառությամբ դրանցում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի) համար` 1 տոկոս.

  • ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար` 1 տոկոս։

 

Բնակելի համարվող անշարժ գույքի համար հարկը հաշվարկվում է հետևյալ՝ պրոգրեսիվ դրույքաչափերով՝

 

  • մինչև 3 միլիոն դրամը՝ 0 տոկոս.

  • 3 -10 միլիոն դրամը՝ 100 դրամ` գումարած հարկման բազայի 3 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոս.

  • 10 – 20 միլիոն դրամը՝ 7 100 դրամ` գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոս.

  • 20 - 30 միլիոն դրամը՝ 27 100 դրամ` գումարած հարկման բազայի 20 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոս.

  • 30 – 40 միլիոն դրամը՝ 67 100 դրամ` գումարած հարկման բազայի 30 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոս.

  • 40 միլիոն դրամից ավելին՝ 127 100 դրամ` գումարած հարկման բազայի 40 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոս։

 

Հասարակական և արտադրական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար հարկման դրույքաչափը` 0.3 տոկոս է, իսկ ավտոտնակների համար` 0.2 տոկոս:

 

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

 

       

Առցանց խորհրդատվություն

Ամբողջական տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք խորհրդատվություն ստանալ համապատասխան ոլորտի մասնագետից: 

bottom of page